Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականում
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հեռացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականից եւ հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Կարապետյանը: 30-ամյա ծանրորդի մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Բոսնիա-Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես գալու տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Օրերս համացանցում տարածվեց տեղեկություն, որ Հայաստանի հավաքականի անդամ, 89 կգ քաշային կարգում հավաքականի առաջատար ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունը:
«Այժմ հանդես եմ գալու Բոսնիա-Հերցեգովինայից»,- այսպես NEWS.am Sport-ի հարցմանը պատասխանեց Անդրանիկ Կարապետյանը:
ՀԾՖ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հաստատեց տեղեկությունը եւ հայտնեց, որ չնայած ՀԾՖ որդեգրած քաղաքականությանը, ֆեդերացիան տվել է իր համաձայնությունը եւ ծանրորդը մարզական կարիերան կշարունակի այլ երկրի դրոշի ներքո:
«Հիմա ֆեդերացիան նոր մոտեցում է որդեգրել՝ հավաքականի մարզիկները լինելու են ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի նրանց բոլոր հարցերին տեղյակ լինենք՝ սկսած մարզումներից մինչև անձնական խնդիրներ։ Մենք ցանկանում ենք, որ մեր մարզիկները մնան Հայաստանում և հետագայում էլ նպաստեն մարզաձևի զարգացմանը»,- գրված է ՀԾՖ ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքներից հետո տեւական դադարից հետո վերադարձավ մրցահարթակ: Նոր արդյունքների եւ մեդալներին զուգահեռ, Կարապետյանը նաեւ ձախողումներ ունեցավ: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Անդրանիկ Կարապետյանը հեռացված է հավաքականից արդյունքների բացակայության, զրոներ ստանալու պատճառով:
Փարիզի Օլիմպիական խաղերից հետո մրցաշրջան-2024-ն ամփոփելիս Փաշիկ Ալավերդյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Անդրանիկ Կարապետյանն այլեւս հավաքականի անդամ չէ:
Հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում անցկացվելիք 2025 թ. աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը կներկայացնի Բոսնիա-Հերցոգովինան:
Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թ. դեկտեմբերի 15-ին, ամուսնացած է, ունի որդի: Հայաստանի հավաքականի կազմում նա հանդես է եկել 89 կգ քաշային կարգում:
2012 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, 2015 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն: Մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ ծանր վնասվածք է ստացել եւ լքել պայքարը: Վնասվածքից հետո 2017 թ. վերադարձել է մրցահարթակ եւ Եվրոպայի առաջնությունում գրավել 5-րդ տեղ: 2017 թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է. 2017 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2020 թ. International Fajr Cup վարկանիշային մրցաշարի փոքր ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալակիր: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցել է 374 կգ (178+196) արդյունք: Պոկում վարժությունում 178 կգ-ով սահմանել է Եվրոպայի ռեկորդ: 2023 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր է:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդն էր (170+200) 89 կգ քաշային կարգում:
2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Կարապետյանը (89 կգ) զրո ստացավ հրում վարժությունում: Պոկում վարժություն հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը` բարձրացնելով 170 կգ:
Լուսինե Շահբազյան