«Իհարկե, կինս փորձել է իմանալ` ինչի մասին է խոսքը». Աղաս Մանուկյանը` «Աղասի 10 կանայք» stand up-ի եւ «Հարս չկա» սիթքոմի բոլորովին նոր կերպարի մասին
Դերասան-հումորիստ Աղաս Մանուկյանը աշխատանքային բուռն գործընթացի մեջ է. այս շրջանում հումորիստը նկարահանվում է Արմեն Պետրոսյանի «Հարս չկա» սիթքոմում, ինչպես նաեւ պատրաստվում ապրիլի 1-ին կայանալիք իր նոր` «Աղասի 10 կանայք» մոնոներկայացմանը:
Այս նախագծերին ընդառաջ NEWS.am STYLE-ը զրուցել է Աղասի հետ` նոր դերի եւ stand up-ի մանրամասների շուրջ:
Աղասի խոսքով` «Հարս չկա» սիթքոմում հեռուստադիողն իրեն կտեսնի նոր կերպարում:
«Ամբողջությամբ տարբերվում է «Ֆուլ Հաուս»-ի եւ «Ֆուլ Yere1»-ի իմ կերպարից: Այս անգամ նա լոռեցու բարբառով չի խոսելու: Ինչպես արդեն հասցրել ենք հասկանալ, կերպարը պետք է, որ շատ լավ ընդունվի»,-նշեց նա` հավելելով, որ նոր թիմի հետ հաճույքով է աշխատում.
«Անձնակազմի հետ շատ լավ ու հեշտ է աշխատելը, որովհետեւ ներգրավված է շատ պրոֆեսիոնալ թիմ, դերասաններն էլ ճանաչված ու լավ մարդիկ են: Բացի կոմֆորտից այլ բան չես էլ կարող զգալ»:
Աղասը խոստովանում է` ստիպված է օր ու գիշեր աշխատել սիթքոոմի նկարահանումներն ու մոնոներկայացման փորձերը համատեղելու համար.
«Նոր stand up-իս շուրջ բավական լուրջ ու պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում: Ինչ վերաբերում է «Հարս չկա»-ի նկարահանումների հետ համատեղելուն`մի կերպ ենք հասցնում փորձերը, քանի որ զբաղվածությունը շատ մեծ է: Փորձում ենք օր ու գիշեր տրամադրել աշխատանքին, որպեսզի ստանանք մեր ուզած արդյունքը»:
Անդրադառնալով մոնոներկայացման ինտրիգային վերնագրին եւ կնոջ արձագանքին` հումորիստը նշեց.
«Իհարկե, կինս փորձել է իմանալ` ինչի մասին է խոսքը, բայց մենք սցենարական կազմով ու կազմակերպիչներով որոշել ենք, որ մինչեւ ներկայացումը չենք բացահայտելու դա` անգամ մեր հարազատներին, որպեսզի բոլորի համար հետաքրքիր լինի: Վստահ եմ` հանդիսատեսը շատ կհավանի ներկայացումը, որովհետեւ սցենարը շատ ծիծաղելի է: Բնականաբար 10 կանանց մասին է, իսկ թե ում, առաջինը կիմանա հենց պրեմիերային ներկա հանդիսատեսը»:
Նա նաեւ հավելեց,-«Սցենարի շուրջ աշխատում ենք ես, Վահան Մովսեսյանը, Սարգիս Կալպակյանը, Արտուշ Գեւորգյանը եւ եւս երկու հոգի, որոնք մեզ հետ աշխատում են օնլայն տարբերակով: Փորձում ենք ստանալ մաքսիմալ ծիծաղելի` իրական պատմությունների վրա հիմնված stand up: Իհարկե, սա արվում է Արմեն Պետրոսյանի` Մենչի գլխավորությամբ, որը նաեւ իմ պրոդյուսերն է»:
Աղասի խոսքով` իր ներկայացումը զերծ կլինի քաղաքական ենթատեքստից.
«Քաղաքականություն իմ stand up-ի մեջ չի լինելու, կլինեն որոշակի անցումներ, բայց հենց քաղաքական կտորներ չեն լինի, քանի որ ես իմ մոնոներկայացումներում միշտ փորձել եմ զերծ մնալ 18+ կամ քաղաքական կատակներից, բայց իրավիճակին համաձայն փոքրիկ անցումներ կլինեն»:
Stand up-ը չունի նաեւ տարիքային սահմանափակում.
«Իմ մոնոներկայացումերին ներկա է եղել նաեւ իմ տղան, որը 6 տարեկան է, կային նաեւ այլ երեխաներ, նաեւ մեծահասակներ. այս ներկայացման մեջ էլ չկա տարիքային սահմանափակում, որովհետեւ մենք մտածել ենք ստեղծել այնպիսի համեմված նյուանսներ, որ բոլորի համար հաճելի լինի լսելն ու դիտելը»:


