Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է. բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

0

Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ Նա հիշեցրել է, որ Քեոսայանը երկար ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ ուներ, գրում է Газета.Ru-ն։

«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, վերապրել է կլինիկական մահը և գտնվում է կոմայի մեջ։ «Ինչպես շատերը գիտեն, նա վաղուց շատ հիվանդ սիրտ ունի»,- գրել է Սիմոնյանը։

Նա նաև պատմել է, որ երկու տարի առաջ Քեոսայանի մայրը կորցրել է ավագ որդուն՝ 61-ամյա Դավիթին և շատ դժվարությամբ է դիմանում Տիգրանի հիվանդությանը։ Սիմոնյանն իր հետևորդներին խնդրել է աղոթել ամուսնու առողջության համար։

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը «Արյունոտ լեդի» Telegram-ի եթերում հայտնել է, որ Սիմոնյանն ամեն օր գնում է ամուսնուն հիվանդանոց տեսնելու և շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։

«Եվ այս ամենը տեղի է ունենում, ցավոք, բավականին երկար ժամանակ։ Թող կյանքը հաղթի մահին»,- գրել է Սոբչակը։

Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, 59-ամյա ռեժիսորը հիվանդանոցում է գտնվում դեկտեմբերի վերջից, և բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Ըստ kp.ru կայքի՝ 2008 թվականին Քեոսայանը ստենտավորում է անցել՝ զարկերակի մեջ հատուկ կարկաս է մտցվել, որն ապահովում արյան նորմալ հոսք։ Սակայն երկու տարի անց սրտի հետ կապված խնդիրները վերադարձել են. 2010 թվականի հունիսի վերջին ռեժիսորը սրտամկանի ինֆարկտ է տարել։ Այնուհետև «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հայտնել է, որ Քեոսայանն իրեն վատ է զգացել դեռ հունիսի կեսերին և կապվել է Բուկալևի անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկների հետ: Վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է հունիսի 29-ին։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Քեոսայանը սրտի երկու կաթված է ստացել, սակայն ինքն պնդել է, որ դրանց թիվը 3-ն է եղել:

«Ես 50-ն անց տղամարդ եմ, երեք սրտի կաթվածով, յոթ ստենտով, սրտի կարդիոխթանիչով», — ասել է հաղորդավարը 2022 թվականին տված հարցազրույցում:

Նույն հարցազրույցում Քեոսայանը խոստովանել է, որ իր առողջությունը, ի թիվս այլ բաների, խաթարվել է «Խեղճ Սաշա» ֆիլմի նկարահանման պատճառով. անհնար էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել 18 օրում։ Նկարահանումները սկսեցինք սեպտեմբերի 18-ին, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Նկարահանել ենք 22 ժամ։ Հետո ես գնացի [սրտաբան] Եվգենի Իվանովիչ Չազովի մոտ՝ նախասրտերի ֆիբրիլյացիայով»։

Իսկ դեռ 2019 թվականին Քեոսայանի կինը «Գաղտնիքը միլիոնի համար» շոուի ժամանակ բողոքել էր, որ ռեժիսորը չի կարողանում թողնել ծխելը։

Leave A Reply

Your email address will not be published.