Կլիմակտերիկ խանգարման բուժման դեղամիջոցը կրկնակի ավելացնում է ինֆարկտի վտանգը. BMJ
Շվեդիայի եւ Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ տիբոլոնի օգտագործումը կլիմակտերիկ համախտանիշի բուժման համար երկու անգամ մեծացնում է ինսուլտի եւ միոկարդի ինֆարկտի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում (British Medical Journal)։
Հետազոտությանը, որն իրականացվել է 2007-2020թթ., մասնակցել է 50-58 տարեկան 919 614 կին, ովքեր հորմոնալ դեղեր չեն ընդունել մինչեւ դիտարկումները երկու տարվա ընթացքում։
Հետագայում մասնակիցները բաժանվել են ութ խմբերի՝ կախված օգտագործվող հորմոնալ թերապիայի տեսակից։ Մի քանի տարի գիտնականները հավաքել են տեղեկություն սրտի իշեմիկ հիվանդության, միոկարդի ինֆարկտի, ինսուլտի եւ երակային թրոմբոէմբոլիայի դեպքերի մասին փորձարկվողների շրջանում։
Հետազոտության ընթացքում գրանցվել է սիրտ-անոթային 24 089 դեպք, որոնց մեջ ամենամեծ քանակությունը կազմել են սրտի իշեմիկ հիվանդության (43 տոկոս) եւ երակային թրոմբոէմբոլիայի (38 տոկոս) դեպքերը։
Արդյունքները ցույց են տվել, որ հորմոնալ թերապիայի տարբեր ձեւերը կապված են վտանգի տարբեր մակարդակների հետ։ Խմելու միջոցով օգտագործվող էստրոգեն-պրոգեստինային թերապիան երակային թրոմբոէմբոլիայի հավանականությունն ավելացրել է 61-100 տոկոսով եւ սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 21 տոկոսով։ Ամենամեծ վտանգը կապված է եղել տիբոլոնի օգտագործման հետ (դեղամիջոց, որը երկու անգամ բարձրացրել է միոկարդի ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունը)։ Միեւնույն ժամանակ, հորմոնների տրանսդերմալ ձեւերը (հորմոնալ «սպեղանիներ» մաշկի վրա ազդեցության համար) ավելի քիչ բացասական հետեւանքներ են ունեցել խմվող միջոցների համեմատ։
Այս արդյունքներն ընդգծում են հորմոնալ դեղերի օգտագործման ձեւերի կարեւորությունը դաշտանադադարի շրջանում թերապիա նշանակելու ժամանակ։ Հետազոտողները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր մոտենալ բուժման մեթոդի ընտրությանը, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների հակում ունեցող կանանց համար։