Ինչպե՞ս է տեստոստերոնի մակարդակն ազդում սեքսի վրա. ցրվել է գլխավոր տղամարդկային առասպելը

0

Տեստոստերոն հորմոնի օրական տատանումներն ազդում են ոչ թե սեքսուալ հակման, այլ ռոմանտիկ վարքագծի վրա, պարզել են Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B (PRS B) ամսագրում։

Ընդունված է համարել, որ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց մոտ ուղիղ կապված է նրանց սեռական հակման հետ։ Բայց նոր աշխատանքի արդյունքները կասկածի տակ են դնում այս վարկածը, մանավանդ այն տղամարդկանց համար, ովքեր երկարատեւ հարաբերությունների մեջ են գտնվում։

Գիտնականների խումբը մեկ ամիս ամեն օր չափել է 18-26 տարեկան 41 տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը եւ սեռական հակումը։ Նրանց բոլորի մոտ տեստոստերոնը նորմի սահմաններում է եղել։ Մասնակիցները նաեւ լրացրել են հարցարաններ իրենց ցանկությունների, երեւակայությունների եւ գործողությունների մասին՝ զուգընկերոջ վերաբերյալ։ Ոմանք հարաբերությունների մեջ են եղել, մյուսները եղել են միայնակ։

Հետազոտության արդյունքներով կատարվել է 759 գրառում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ գրանցվել է միայնակ տղամարդկանց մոտ, ընդ որում՝ այն օրերին, երբ նրանք տեղեկացրել են աղջկա հետ ծանոթության կամ ժամադրության մասին։ Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ օրգանիզմը սկսում է հորմոն արտադրել՝ զգալով տղամարդու հնարավոր մրցակցությունն ուժեղ սեռի այլ ներկայացուցիչների հետ, նման միտում կա կենդանիների մոտ։

Միեւնույն ժամանակ, մշտական հարաբերություններ ունեցող կամ ամուսնացած տղամարդկանց մոտ չեն գրանցվել տեստոստերոնի տատանումներ։ Բայց նրանց մոտ, ինչպես ընդգծել են գիտնականները, ի հայտ է եկել «ավելի բարձր սեքսուալ ցանկություն» փորձի տարբեր փուլերում։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդիկ նույնը կզգային, եթե ոչ ավելին, սեքսուալ ցանկությունից, քան միայնակները, եւ նրանց համար կպահանջվի միայն տեստոստերոնի ստանդարտ չափաբաժին՝ այն բավարարելու համար։ Այդ հորմոնի մակարդակի բարձրացումը առանձնակի ազդեցություն չի ունենում լիբիդոյի վրա, ընդգծել են փորձագետները։

Leave A Reply

Your email address will not be published.