Անահիտ Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնում անմուսնալուծված կանանց․ «Իրենց ընտրությունն իրենց իրավունքն է, ոչ թե սխալը»
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում Կանանց ակումբ է բացել, որի միջոցով ցանկանում է իր աջակցությունը հայտնել ամուսնալուծված կանանց, ովքեր հայտնվել են հասարակական ճնշումների ներքո։ Անահիտն իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որով կոչ է արել գոտեպնդել կանանց նրանց որոշումներում։
«Կովկասյան ընտանիքներում ամուսնալուծությունը հսկայական մարտահրավեր է կնոջ համար։ Հաճախ աջակցության փոխարեն նրանց դատապարտում են, մեղադրում են, նույնիսկ՝ զրպարտում։ Բոլոր «մեղավորներին» փնտրում են միայն կնոջ մեջ, եւ հաճախ նրա ընտրությունը դիտարկվում է՝ որպես ընտանիքի ամոթ։ Ինձ թվում է՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել ամուսնալուծության միջով անցած կանանց։ Աջակցեք խոսքերով, մոտ եղեք, մի դատեք նրանց։ Եկեք ասենք նրանց, որ իրենց ընտրությունը միայն իրենց իրավունքն է, ոչ թե իրենց սխալը։ Թող յուրաքանչյուր կին իմանա, որ ինքը միայնակ չէ, եւ որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել։ Եթե դուք գտնվում եք նման իրավիճակում, իմացեք, որ դուք գնալու տեղ ունեք։ Մեր կանանց ակումբը կաջակցի ձեզ՝ խորհուրդով, ջերմությամբ ու սիրով»,-ասում է Անահիտը։
Երգչուհին ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի հետ։ Նրանց բաժանման լուրերից հետո Անահիտը՝ ինքն էլ, բազմիցս հայտնվել է քննադատական մեկնաբանությունների թիրախում։