Ուղեղում հայտնաբերվել է քնի փուլերը կարգավորող «ժամացույց. Nature
Լոզանի համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսն ազդում է ուղեղի կապույտ բծի վրա, հատված, որը կարգավորում է անցումը արագ եւ դանդաղ քների միջեւ։ Դա հանգեցնում է քնի հատվածայնացման եւ հաճախակի արթնացումների։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում։
Կապույտ բիծը պատասխանատու է նորադրենալինի արտադրման համար, հորմոն, որը կարգավորում է արձագանքը սթրեսին եւ աջակցում է արթուն մնալուն։ Սակայն նոր տվյալները ցույց են տվել, որ ուղեղի այդ հատվածը նաեւ կարեւոր դեր է խաղում քնի շրջափուլերի կառավարման հարցում։ Գիտնականները պարզել են, որ կապույտ բծի ակտիվությունը տատանվում է յուրաքանչյուր 50 վայրկյանը մեկ՝ ստեղծելով ինքնատիպ «ժամացույց», որը կարգավորում է անցումը քնի փուլերի միջեւ։ Ցերեկային սթրեսը ուժեղացնում է բծի ակտիվությունը՝ մեծացնելով նորադրենալինի մակարդակը։ Դա հանգեցնում է խախտումների՝ դանդաղում է արագ քնի փուլի սկսվելը, իսկ դանդաղ քունը սկսում է ընդհատվել՝ առաջ բերելով հաճախակի արթնացումներ։
Հետազոտության արդյունքները բացահայտում են ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ստեղծման ուղիներ։ Կապույտ բիծը կարող է դառնալ բիոմարկեր քնի մոնիթորինգի եւ շրջափուլերի ճշտման համար, հատկապես տագնապայնություն եւ այլ խախտումներ ունեցող պացիենտների մոտ։ Բացի այդ, աշխատանքը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քնի էվոլյուցիան։ Որոշ սողունների մոտ, օրինակ, նկատվում են ուղեղի ակտիվության նման ցիկլիկ տատանումներ, ինչը վկայում է ուղեղի այդ հատվածի վաղեմի ծագման մասին։