Թողարկվել է Android 15-ը․ ի՞նչ նոր գործառույթներ է առաջարկում այն

0

Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը, որն առաջինն ստացել են Pixel ապրանքանիշի սմարթֆոնները։ Նոր հարթակն իր հետ բերում է գաղտնիության նոր գործառույթներ, բարելավումներ ծալվող սարքերի և պլանշետների համար, ինչպես նաև սմարթֆոնը գողանալու դեպքում այն կողպելու գործառույթ, այդ թվում՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով։

Android 15-ի հիմնական նորամուծություններից մեկը հավելվածների համար «անձնական տարածք» ստեղծելու հնարավորությունն է, որն օգտատերը ցանկանում է թաքցնել իր սարքին հասանելիություն ունեցող այլ մարդկանցից, հայտնում է The Verge-ը։ Նման հավելվածները կարող են լինել սոցիալական ցանցերը, ծանոթությունների հարթակները կամ բանկային ծառայությունները։ Այդ հավելվածներ մուտք գործելու համար կպահանջվի լրացուցիչ նույնականացում: Միևնույն ժամանակ, հեռախոսում հավելվածի գոյության փաստը կարող է թաքցվել:

Ծալվող սարքերի և պլանշետների համար Android 15-ն այժմ հնարավորություն է տալիս ամրացնել և ապաամրացնել առաջադրանքների պանելը: Սա արվում է, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ մուտք գործել հավելվածներ։ Բացի դրանից՝ հնարավոր է զուգահեռաբար համատեղել երկու հաճախ օգտագործվող հավելվածներ մեկ պատկերակի մեջ և գործարկել դրանք միաժամանակ՝ մեկ սեղմումով:

Անկախ Android-ի տարբերակից՝ շատ սարքեր կստանան Theft Detection Lock գործառույթը, որն ավտոմատ կերպով կկողպի հեռախոսը, եթե հայտնաբերի (օգտագործելով ԱԲ), որ այն գողացվել է: Օրինակ, եթե սմարթֆոնը հայտնաբերի, որ այն խլել են օգտատիրոջ ձեռքից:

Կլինի նաև Remote Lock գործառույթ, որը կօգնի կողպել սարքը մեկ այլ Android-ից՝ օգտագործելով հեռախոսահամար և անվտանգության ստուգում: Google-ն ասում է, որ Android 10 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող սարքերից շատերը նույնպես կստանան այս հնարավորությունները, իսկ որոշ օգտատարեր արդեն ունեն այն։

Բացի դրանից՝ ընկերությունն սկսել է նոր թարմացումներ հրապարակել Pixel-ի համար՝ հոկտեմբերի Pixel Feature Drop-ի շրջանակում: Այն ներառում է նոր հնարավորություններ, ինչպիսիք են Գիշերային տեսողության ռեժիմը (Night Sight) Instagram-ի համար, որը թույլ է տալիս ավելի լավ լուսանկարներ անել ցածր լույսի ներքո, ինչպես նաև ընդլայնված գործառույթներ Audio Magic Eraser գործիքի կառավարման համար: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Google-ը կավելացնի նաև Pixel պլանշետից Pixel սմարթֆոն ֆայլեր տեղափոխելու հնարավորություն՝ պարզապես սարքերը միմյանց կողքի դնելով:

Հիշեցնենք, որ նոր Android 15 օպերացիոն համակարգը գործարկվել է անցած ամիս Android Open Source Project-ի միջոցով, սակայն այն ժամանակ դեռ հասանելի չէր Pixel սմարթֆոնների և պլանշետների և այլ Android սարքերի համար: Android 15-ի բոլոր հնարավորությունների մանրամասն ցանկը հասանելի է Google-ի պաշտոնական կայքում:

Leave A Reply

Your email address will not be published.