Apple-ը ներկայացրել է նոր iPad mini-ն․ ի՞նչ հնարավորություններ ունի այն
Apple-ը ներկայացրել է նոր iPad mini պլանշետ՝ A17 Pro չիպով (նույնը, որն օգտագործվում է iPhone-ի նախավերջին՝ 15-րդ մոդելում) և արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներով։ Սա 2021-ից ի վեր մինի պլանշետների շարքի առաջին թարմացումն է:
Սարքի էկրանի չափը 8,3 դյույմ է, հետևի տեսախցիկը 12 մեգապիքսել է Smart HDR 4 տեխնոլոգիայի աջակցությամբ։
Apple-ի հաղորդագրությունում ասվում է, որ A17 Pro չիպը 30%-ով բարձրացրել է սարքի կատարողականությունը (ընկերությունը, հավանաբար, համեմատում է այն mini շարքի նախորդ սերնդի հետ. սարքի կատարողականության բացարձակ արժեքները հաղորդագրությունում նշված չեն): Նոր պլանշետն ունի վեցմիջուկանի պրոցեսոր:
Հաղորդագրությունում հատուկ շեշտադրվում է ԱԲ գործառույթների ինտեգրումը սարքին և օպերացիոն համակարգին: Պլանշետն ունի Apple Intelligence-ի գործառույթների աջակցություն, ինչպիսիք են գրելու գործիքները (Writing Tools), որոնք կօգնեն գրել և խմբագրել տեքստեր կամ լուսանկարներից տեսանյութեր ստեղծելու հնարավորությունը։
Սարքն ունի Apple Pencil Pro ստիլուսի աջակցություն: Բազային մոդելն ունի 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։
ԱՄՆ-ում արդեն սկսվել են սարքի նախապատվերները, դրանք վաճառքի կհանվեն չորեքշաբթի: Գինը կսկսվի 499 դոլարից։
The Verge-ը նշում է, որ նոր արտադրանքը ներկայացվել է «մի փոքր զուսպ» կերպով՝ պարզապես կայքում հաղորդագրություն տեղադրելով, առանց շոու-պրեզենտացիայի։