Ալ Պաչինոն պատմել է, որ COVID-19-ի պատճառով մահվան եզրին է եղել. կյանքի մյուս կողմում «ոչինչ չկա

0

Ալ Պաչինոն պատմել է, որ 2020 թվականին COVID-19-ի պատճառով մահվան եզրին է եղել՝ ասելով, որ մի քանի րոպե «սրտի զարկերը կանգ են առել»: New York Times-ին և People ամսագրին տված հարցազրույցում «Կնքահայրը» և «Սպիով դեմքը» ֆիլմերի աստղը մանրամասնել է COVID-19-ով վարակվելու իր փորձի մասին, որը տեղի էր ունեցել նախքան պատվաստանյութի հասանելիությունը:

«Ինձ ասացին, որ սրտիս զարկերը կանգ են առել: Դու այստեղ ես, բայց դու չկաս։ Ես մտածեցի. «Վա՜յ, նույնիսկ հիշողություն չունեմ: Դու ոչինչ չունես։ Տարօրինակ խառնաշփոթ էր»,-ասել է Պաչինոն New York Times-ին: Դերասանը հավելել է, որ իրեն «շատ վատ է զգացել, անսովոր վատ» և հիշել, որ տենդ, ջերմություն է ունեցել և ջրազրկվել է մինչև ուշաթափվելը: Ժամանել է շտապօգնությունը, և նա արթնացել է իր հյուրասենյակում բժիշկներով շրջապատված։

«Նրանց հագին այնպիսի կոստյումներ էին, որ կարծես տիեզերքից լինեին կամ նման ինչ-որ բան»,-ասել է դերասանը: «Մի փոքր ցնցող էր բացել աչքերը և տեսնել դա: Բոլորը շուրջս էին և ասում էին. «Նա վերադարձել է: Նա այստեղ է»:

 Պաչինոն հարցրել է, թե արդյոք ինքն իրականում մահացած է եղել: Բուժքույրը հաստատել է, որ զարկերակ չի ունեցել: «Ես կարծում էի, թե մահացել եմ: Գուցե այդպեդ չէր… Չեմ կարծում, որ մահացել էի, բայց բոլորն այդպես էին կարծում»:

Օսկարակիր դերասանը New York Times-ին ասել է, որ ինքը «սպիտակ լույս կամ որևէ բան չի տեսել», և որ մահից հետո «այնտեղ ոչինչ չկա», թեև այդ փորձը որոշակի էկզիստենցիալ արտացոլում է առաջացրել:

«Ինչպես ասում է Համլետը. «Լինե՞լ, թե՞ չլինել». «Անհայտ երկիր, որտեղից ոչ մի ճանապարհորդ չի վերադառնում»: Երբ People-ը նրան հարցրել է՝ արդյոք մահվան հետ նրա շփումը փոխե՞լ է նրա ապրելակերպը, դերասանը պատասխանել է. «Բացարձակապես ոչ»:

Պաչինոն մանրամասն նկարագրել է այդ փորձառությունն իր առաջիկա հուշերում՝ Sonny Boy-ում:

Leave A Reply

Your email address will not be published.