Մարդկային ուղեղը ի վիճակի չէ լուծել բազմախնդրության հարցը. Live Science
Հյուսիսարեւելյան համալսարանի ամերիկացի գիտնականները բացատրել են հիշողության այն մեխանիզմը, որի պատճառով մենք հանկարծ մոռանում ենք այն, ինչի մասին հենց նոր մտածում էինք։ Հետազոտությունը հրապարակվել է Live Science գիտական պորտալում։
Մարդկանց մեծ մասը կյանքում բախվում է իրավիճակների, երբ մտքերը տառացիորեն դուրս են թռչում գլխից։ Օրինակ, երբեմն մենք մտնում ենք սենյակ, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու ենք այստեղ եկել։ Կամ մոռանում ենք նախադասությունը, որը ցանկանում էինք ասել զրուցակցին։
Մասնագետների խոսքով՝ հիշողությունը բաժանվում է երկարաժամկետի եւ աշխատանքայինի։ Երկարաժամկետ հիշողությունը լայն է եւ բազմակողմ, ներառում է գիտելիքները, փորձը եւ հմտությունները մի քանի ժամից մինչեւ ողջ կյանքը։ Աշխատանքային հիշողությունում մտքերը պահվում են մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե։
Ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, մարդիկ կարող են աշխատանքային հիշողության մեջ միաժամանակ պահել միայն 4-7 տեղեկություն, ինչպես տառերն են, թվերը, բառերը կամ նախադասությունները։ Ընդ որում, ուղեղը մշտապես թռչում է մի դրվագից մյուսին։ Դա բարձրացնում է այն հավանականությունը, որ մտքերից մեկը կարող է պարզապես ջնջվել հիշողությունից։
Բացի այդ, ուղեղն արագ ջնջում է անկարեւոր բաները աշխատանքային հիշողությունից, որպեսզի ռեսուրսներ ազատի նոր տեղեկության համար։ Քանի որ կարճատեւ հիշողությունները երկարաժամկետի չեն վերածվում, դրանք շուտով անհետանում են գիտակցությունից։
Գիտնականները նշել են, որ ուղեղն ի վիճակի չէ լուծել իսկական բազմախնդրության հարցը։ Նա ստիպված է «ընտրություն կատարել» տարբեր մտքերից։ Դա ջանքեր եւ ուշադրություն է պահանջում, որոնք վերահսկվում են ուղեղի ճակատամերձ կեղեւի կողմից։ Եթե ուշադրությունը կենտրոնանում է միայն այդ մտքերից մեկի վրա կամ շեղվում է մի ինչ-որ նոր բանի ուղղությամբ, ուղեղը կորցնում է նախորդ հիշողությունների հետքը։
Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորին չափ խուսափել բազմախնդրությունից, որպեսզի աշխատանքային հիշողությունից դուրս չմնան ակտուալ մտքերը։ Եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունենում, կարելի է փորձել վերականգնել համատեքստը՝ հիշողության մեջ պտտելով նախորդ մտքերի ընթացքը։