NETFLIX-ի բաժնետոմսերի գինը ռեկորդային բարձր է | «Ներդրողի բրիֆ 22.08.24»
Netflix-ի բաժնետոմսերի գինը հասել է իր պատմական առավելագույնին այն բանից հետո, երբ սթրիմինգային հսկան հայտնել է գովազդի վաճառքի ծավալների հսկայական աճի մասին:
Ընկերությունը հայտնել է, որ գործարքներ է կնքել բոլոր խոշոր հոլդինգների և անկախ գործակալությունների հետ՝ ապահովելով ավելի քան 150% աճ 2023 թվականի ընթացքում՝ գովազդային վաճառքների նախնական պարտավորությունների համար:
Օգոստոսի 20–ին Netflix-ի բաժնետոմսերն աճել են 1,2%-ով՝ հասնելով 696,59 ԱՄՆ դոլարի։ Մեկ տարվա կտրվածքով Netflix-ի բաժնետոմսերը 43% աճ են գրանցել։
Netflix–ի գովազդի նախագահ Էմի Ռեյնհարդը նշել է, որ ընկերությունը ռազմավարական մեծ նշանակություն է տալիս գովազդին, իրականացնում է սպառողների խոր հետազոտություններ՝ ստեղծելով գովազդային հնարավորություններ, որոնք գրավիչ կլինեն թե անդամների, թե բրենդների համար։
Ռեյնհարդը նաև ասել է, որ ընկերությունը մինչև 2025 թվականի վերջ կգործարկի ներքին գովազդային տեխնոլոգիական հարթակ:
Ամազոնը մեծացրել է ծախսերը, ինչի հետևանքով տուժել է ընկերության շահույթը, իսկ բաժնետոմսերը անկում են ապրել։ Օգոստոսի սկզբին Ամազոնի եկամուտների հաշվետվության հրապարակումից հետո օնլայն վաճառքների առաջատար ընկերության բաժնետոմսերի կատարողականը ֆոնդային բորսայում սկսեց զիջել այլ մեծ տեխնոլոգիական ընկերություններին։
Այս հաշվետվությունը ներդրողներին ազդակներ էր տվել, որ Ամազոնը մեծացնելու է ծախսերը արհեստական բանականության հաշվարկների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ընկերությունը դուրս է գալիս ծախսերի կրճատման շրջանից, ինչի շնորհիվ հաջողվել էր մեծացնել Ամազոնի շահույթը եւ բորսային արժեքը, որը 2022 թվականի համեմատ կրկնապատկվել էր։
Ներդրողները մտավախություն ունեն, որ կապիտալ ծախսերի աճը բացասաբար կանդրադառնա դրամական հոսքերի վրա։ Ամազոնի բաժնետոմսերը դեռևս 3%–ով տոկոսով ավելի ցածր են հաշվետվության հրապարակումից առաջ եղած արժեքից, մինչդեռ Հրաշալի յոթնյակի ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է շուրջ յոթ տոկոսով։ Բլումբերգի Հրաշալի յոթնյակի ինդեքսը խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի ինդեքսն է, որը ներառում է Alphabet-ը, Amazon-ը, Apple-ը, Meta-ն, Microsoft-ը, Tesla-ն եւ NVIDIA-ն։
Ֆոնդային բորսայի վերականգնման գործում մեծ դեր է խաղացել արհեստական բանականության հաշվարկների համաշխարհային առաջատար՝ NVIDIA ընկերությունը։ NVIDIA–ի բաժնետոմսերը հուլիսի սկզբից աճել են ավելի քան 20 տոկոսով՝ հանգեցնելով բորսայի ընդհանուր աճին։ Սրա շնորհիվ S&P 500 ինդեքսն օգոստոսի 5-ին գրանցած նվազագույն արժեքի համեմատ աճել է ավելի քան 7%-ով։
NVIDIA-ի այս տպավորիչ աճը հիմնականում բացատրվում է արհեստական բանականության ոլորտում ընկերության առաջընթացով։ Չնայած առանձին ընկերությունների բաժնետոմսերի տատանումներին՝ ընդհանուր տեխնոլոգիական ոլորտը աճ է գրանցել՝ ցույց տալով տեխնոլոգիաների նկատմամբ կայուն լավատեսություն ներդրողների կողմից։ Նույն ժամանակահատվածում Հրաշալի յոթնյակի ընկերությունների բաժնետոմսերի գների աճի արդյունքում այդ ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքն ավելացել է ավելի քան 1.4 տրիլիոն ԱՄՆ դոլարով, որը կազմում է S&P500 ինդեքսի՝ նույն ժամանակահատվածում գրանցած շուկայական կապիտալացման աճի շուրջ կեսը։
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցումների արդյունքներով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը մինչև տարվա վերջ հավանաբար 3 անգամ 0.25 տոկոսով կամ 25 բազային կետով կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս կերպ կարգավորողը ձգտելու է մեղմել դրամավարկային քաղաքականությունը՝ գնաճի ճնշման պայմաններում։
Ավելի վաղ փորձագետները կանխատեսում էին, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ տարվա վերջ կնվազեցվի 2 անգամ։ Առաջին նվազեցումը սպասվում է արդեն սեպտեմբերին։
Վերջին տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ինֆլացիան դանդաղել է։ Վերլուծաբանները կարծում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումները կնպաստեն տնտեսության կայուն աճին, քանի որ վարկերը կէժանան, ինչը կխթանի ներդրումները եւ ռեցեսիա տեղի չի ունենա։