Շնորհանդեսից մի քանի շաբաթ առաջ հայտնի են iPhone 16-ի հիմնական բնութագրերը
Ամերիկյան Apple ընկերությունն այս աշնանը կներկայացնի չորս մոդելի iPhone 16 սմարթֆոն, արդեն հայտնի են դրանց հիմնական առանձնահատկությունները, հայտնում է Bloomberg-ը։
Սյունակագիր Մարկ Գուրմանի խոսքով՝ ՏՏ հսկան մտադիր է թողարկել չորս սմարթֆոն՝ iPhone 16, 16 Plus, 16 Pro և 16 Pro Max։ Սակայն որոշ սարքերի չափերը կփոխվեն․ սովորական Pro մոդելի էկրանը 6,1-ից կդառնա 6,3 դյույմ, Pro Max-ի էկրանը՝ 6,7-ից կդառնա 6,9 դյույմ։ Հիմնական առաջատար սարքերը կթողարկվեն նոր վարդագույն ոսկի գույնով։
Գուրմանը նշել է, որ նոր շարքի բոլոր սմարթֆոնները կստանան հզոր A18 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Սա անհրաժեշտ է, որպեսզի սարքերը կարողանան աշխատել արհեստական բանականության Apple Intelligence ծառայության հետ։ Apple-ի նեյրոցանցը շատ պահանջկոտ է սարքի տեխնիկական բնութագրերի հարցում. ապրանքանիշի ներկայիս սմարթֆոններից միայն iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը, որոնք ունեն նաև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, կունենան Apple Intelligence-ի աջակցություն։
Բացի դրանից՝ բոլոր չորս մոդելները կստանան Action Button կոճակ, որն ավելացվել է միայն առաջատար սարքերում 2023-ին։ iPhone 16 Pro և 16 Pro Max սմարթֆոնները կունենան լրացուցիչ կոճակ՝ տեսախցիկի առաջադեմ կառավարման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը սկսել է iPhone 16 շարքի սմարթֆոնների զանգվածային արտադրությունը։ Կորպորացիան մտադիր է արտադրել սարքերի առաջին խմբաքանակը մինչև սեպտեմբեր։
Իր հերթին iPhone-ի ամենախոշոր արտադրող թայվանական Foxconn ընկերությունը նախատեսում է 50,000 նոր աշխատող ընդունել Չինաստանի Չժենչժոուում գտնվող իր գործարանում, որպեսզի կարողանա ժամանակին արտադրել այս տարվա երկրորդ կիսամյակում պլանավորված iPhone 16-ի պատվիրված քանակը։