Դանիլա Կոզլովսկի. «Հայաստանն ինձ համար հումորի զգացումով երկիր է, կենսուրախ ու բաց մարդկանցով»
Երաժշտությունն իմ կյանքի հսկայական մասն է: Ես ինձ չեմ պատկերացնում առանց երաժշտության: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում կան բաներ, առանց որոնց նրա ճակատագիրը բոլորովին այլ կերպ կդասավորվեր։ Իմ ճակատագրում այդպիսի բան երաժշտությունն է։ Այս մասինNEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի դերասան Դանիլա Կոզլովսկին, ով հունիսի 4-ին Հայատանում՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կներկայացնի «ՖՐԱՆԿ» յուրօրինակ մոնոներկայացումը։
Պարոն Կոզլովսկի, Դուք ծնվել եք ստեղծագործական ընտանիքում։ Կարո՞ղ եք ասել, որ Ձեր կյանքը արվեստում ի սկզբանե կանխորոշված էր։
Ես, իսկապես, ծնվել եմ ստեղծագործ ընտանիքում. մայրս «Մոսկոնցերտի» դերասանուհի էր, հայրս՝ Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի պրոֆեսոր, Գովազդի բարձրագույն դպրոցի հիմնադիրներից մեկը։ Սակայն դա ինձ եւ երկու եղբայրներիս չի խանգարեկ փողոցներով շրջել, շինհրապարակներ ուսումնասիրել, պատուհաններ կոտրել եւ կրպակներից հաց գողանալ։
Ոչ, կարծում եմ, որ իմ մանկությունը ճիշտ է եղել։ Նորմալ տղայի մանկություն. Ծնողներիս կողմից, իհարկե, փորձեր եղել են իմ մեջ ստեղծագործական ակորդ մտցնելու՝ մանուկ հասակում սովորել եմ բալետի դասարանում եւ երաժշտական դպրոցում, գնացել եմ քասթինգների… Բայց դրանք ընդամենը փորձեր էին։ Ինձ իսկապես հետաքրքիր էր բակային կյանքը։ Իհարկե, ծնողներս որոշ գաղափարներ ու հույսեր ունեին, թե մեծանալով ինչ կդառնամ, բայց նրանցից ոչ մեկն ինձ չէր կոտրի, եթե որոշեի, օրինակ, զինվորական դառնալ, իսկ դրա հավանականությունը մեծ էր, քանի որ երբ եղբայրներիս ուղարկեցին ծովային կադետական կորպուսում սովորելու, ես ծնողներիս համոզեցի, որ գնամ նրանց հետ։
Եղբայրներիս վտարեցին 2 ամիս հետո, նրանք ամեն ինչ արեցին դրա համար, իսկ ես 6 տարի մնացի Կրոնշտադտում:
Կուրսանտների դպրոցից հետո, որը Դուք ավարտել եք գերազանցությամբ, Ձեզ կանխատեսում էին փայլուն սպայական կարիերա: Բայց մի՞թե ինչ-որ բան այն չէր։
Մեծանալով՝ ես սկսեցի հասկանալ, որ զինվորական կարիերան իմը չէ։ Կադետական կորպուսի ավարտին ես հաստատ գիտեի, որ ուզում եմ դերասան դառնալ։ Առաջին բանը, որ մայրս ինձ ասաց. «Դու պետք է հասկանաս, որ սա հսկայական ռիսկ է: Սա սարսափելի աշխարհ է, եւ բացարձակապես ոչ ոք պաշտպանված չէ պահանջարկի պակասից եւ գործազրկությունից: Բայց ես պատասխանեցի. «Այնուամենայնիվ, ես ուզում եմ»:
Մայրս շատ լրջորեն համոզում էր ինձ, բայց տեսնելով իմ համառությունն ու վճռականությունը, նա սկսեց աջակցել ինձ:
Առաջին դերը, առաջին մրցանակն ու առաջին ճանաչումը եղան միաժամանա՞կ, թե՞ դրանք Ձեր ստեղծագործական կենսագրության մեջ առանձին փուլեր էին։
Առաջին դերը, որն ինձ բերեց առաջին մրցանակը եւ դարձավ ինձ համար շատ հիշարժան, ինձ ոչ մի ճանաչում չբերեց։ Դա Ալեքսեյ Գերման կրտսերի ֆիլմն էր՝ «Հարպաստում», որն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։ Դա այնքան անսպասելի էր, այնքան ֆանտաստիկ ինձ համար, որ ես բացարձակապես չէի կարող հավատալ դրան: Եվ ես դրան չհավատացի մինչեւ վերջ, մինչեւ ես եւ Լյոշան, Ժենյա Պրոնինը եւ Ալեքսանդր Վայնշտեյնը բարձրացանք բեմ մրցանակի հետեւից: Այն ժամանակ ինձ թվում էր, որ ամբողջ աշխարհն ընկած է իմ առջեւ՝ բաց եւ ընկերասեր։ Ոգեշնչված վերադարձա Սանկտ Պետերբուրգ եւ հայտնաբերեցի, որ իմ նվաճած աշխարհը մնացել է հեռվում՝ Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող մի փոքրիկ քաղաքում, իսկ այստեղ՝ Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում, ոչ ոք ոչինչ չգիտեր իմ նվաճումների մասին։ Անցավ եւս երեք տարի, մինչեւ ինձ սկսեցին լուրջ ու մեծ դերեր առաջարկել։
Հեռուստադիտողները անմիջապես հիշեցին Ձեզ «Մենք ապագայից ենք», «Ռասպուտին», «Լրտես», «Դուխլես», «Լեգենդ համար 17», «Անձնակազմ», «Վիկինգ» եւ շատ այլ ֆիլմերից: Ո՞ր դերն եք համարում Ձեզ համար ամենաառանցքայինը:
Այդ դերերից յուրաքանչյուրը եւ մնացած բոլոր դերերն ինձ համար կարեւոր են եղել, նույնիսկ եթե ես դրանցով չեմ հպարտանում: Որովհետեւ ամեն մեկն ինձ ինչ-որ բան սովորեցրել է: Ես սովորեցի լինել թիմի անդամ, քանի որ «դաշտում մեկ մարդը մարտիկ չէ». սա 100%-ով կինոյի մասին է: Ես սովորեցի ընտրել սցենարի նյութը շատ ուշադիր, որոշ դերեր ինձ խրախուսեցին տիրապետել պրոդյուսերի եւ ռեժիսորի մասնագիտությանը։ Բայց իմ լավագույն դերը, որը ես կսիրեմ իմ ամբողջ կյանքում, հոր դերն է։
Նման հաջողակ դերասանական կարիերայից հետո երաժշտությունը Ձեզ համար հոբբի՞ է, թե՞ Ձեր տաղանդի մեկ այլ կողմը:
Երաժշտությունն իմ կյանքի հսկայական մասն է: Ես ինձ չեմ պատկերացնում առանց դրա: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում կան բաներ, առանց որոնց նրա ճակատագիրը բոլորովին այլ կերպ կդասավորվեր։ Իմ ճակատագրում այդպիսի բան երաժշտությունն է։ Եթե մեր տանը չունենայինք Sony-ի հին մագնիտոֆոն եւ մի քանի ձայներիզներ, որոնց թվում էր, օրինակ, Ֆրենկ Սինատրայի երգերով ձայներիզը, դժվար թե ես եւ դուք այսօր այստեղ՝ Երեւանում, հանդիսատեսին հրավիրեինք իմ մյուզիքլին՝ «Ֆրանկ» ներկայացմանը: Ես չեմ կարող խոսել իմ տաղանդների մասին՝ ոչ կեղծ համեստության զգացումից ելնելով: Ես փորձում եմ անել այն, ինչ սիրում եմ, եւ սիրում եմ այն, ինչ անում եմ: Իսկ, թե որքանով եմ ես դա տաղանդավոր անում, թող գնահատի այն հանդիսատեսը, ով գալիս է իմ ներկայացմանը:
Ինչպե՞ս եւ ինչու՞ ծնվեց նման անկեղծ ներկայացում ստեղծելու գաղափարը։
Երկար տարիներ երազել եմ երաժշտական ներկայացում անել։ 2015-ին ես փորձեցի եւ թողարկեցի մի շատ հավակնոտ նախագիծ երկրի երկու գլխավոր թատերական բեմերում՝ Ալեքսանդրինսկու եւ Մեծ թատրոններում: Շոուն կոչվում էր «Սովորական մարդու մեծ երազանքը»: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ հավատացին եւ աջակցեցին իմ հավակնություններին եւ հնարավոր դարձրին այդ արտադրությունը: Բայց իմ կյանքի այս փուլում ես ուզում էի ինչ-որ այլ բան՝ ավելի ինտիմ ու գաղտնի: Ես ուզում էի երկխոսություն ունենալ հանդիսատեսի հետ, եւ հասկացա՝ որպեսզի այս երկխոսությունը լինի անկեղծ եւ բաց, նախ եւ առաջ, ինքս պետք է անկեղծ լինեմ նրանց հետ։
Այսպես ծնվեց «FRANK» երաժշտական շոուն, քանի որ անգլերենից թարգմանված այս բառը նշանակում է «անկեղծ». ես բեմից բացահայտ խոսում եմ իմ կյանքի մասին, ծիծաղում եմ ինքս ինձ վրա, տխրում, հիշում եւ անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր ներգրավված իմ կյանքում: Եվ իհարկե, ես կատարում եմ մեծն Ֆրենկ Սինատրայի երգերը։
Սովորաբար մենք ենթագիտակցորեն ընտրում ենք կուռքեր, որոնք ինչ-որ չափով նման են մեզ։ Ի՞նչ ընդհանրություններ ունեք Ֆրենկ Սինատրայի հետ:
Ես չեմ ընտրել Ֆրենկ Սինատրային որպես իմ կուռք։ Ավելի շուտ, նա ինչ-որ կերպ դարձավ իմ ուսուցիչը։ Նա իմ մեջ սեր է սերմանել շատ կարեւոր բաների նկատմամբ՝ լավ երաժշտություն, արվեստ, գեղեցիկ կանայք եւ տղամարդիկ, ովքեր հարգում են իրենց եւ իրենց խոսքը: Ես սիրում եմ սեւ ու սպիտակ կինոյի աշխարհը, որտեղ նա գոյություն ուներ, տպավորված եմ նրա պարզությամբ եւ բացությամբ, որով նա մոտենում էր իր հանդիսատեսին, հիանում եմ նրա ինքնաբավությամբ եւ առաջին հերթին՝ իր իսկ դրսեւորումներին հեգնական արձագանքելու կարողությամբ: Քիչ հավանական է, որ ես նման եմ նրան, բայց ես չեմ էլ փորձում։ Յուրաքանչյուր ոք պետք է ապրի իր կյանքով։
Դուք «Ֆրանկ» ներկայացմամբ հանդես եք գալիս հյուրախաղերով։ Ինչպե՞ս է դա ընկալում հանդիսատեսը, եւ արդյոք նրանց արձագանքը տարբերվո՞ւմ է կախված այն տարածաշրջանից, որտեղ նրանք ապրում են: Կատարման որեւէ բաղադրիչ փոխվու՞մ է կախված այն երկրից, որտեղ այն ներկայացնում եք:
Իմ բեմադրությունը չի փոխվում՝ կախված մարզից կամ քաղաքից, քանի որ սա պատմություն է իմ կյանքի մասին, իսկ ես խոստացել եմ անկեղծ լինել իմ հանդիսատեսի հետ։ Բայց շատ եմ ուզում ընդգծել, որ ես հիանալի հանդիսատես ունեմ։ Որ քաղաքում էլ, որ եղել ենք, իսկ մինչ այստեղ հասանելը, շոուն ներկայացվել է 12 հարթակներում, 11 քաղաքում եւ 6 երկրում, այդ վայրերից ամեն մեկում ես հիանալի հանդիսատես եմ ունեցել: Ինչ-որ տեղ ավելի դժվար էր, ավելի բարդ, եւ մենք մի փոքր ավելի շատ ջանք ենք ներդրել հանդիսատեսի ալիքը բռնելու համար, ինչ-որ տեղ ավելի թեթեւ էր, բաց: Հանդիսատեսը տարբեր էր, բայց ես հիասթափված չեմ հեռացել ոչ մի դահլիճից:
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է արվեստի ուժը, հատկապես նման դժվարին ժամանակներում:
Արվեստի ուժը մարդկանց միավորելն է: Այն ուղերձը, որ յուրաքանչյուր հեղինակ, ռեժիսոր, արվեստագետ, երաժիշտ դնում է իր ստեղծագործության մեջ, հասկանալի է մարդկանց հուզական մակարդակում: Երկրագնդի տարբեր մասերում մարդիկ, ըստ էության, ունեն նույն խնդիրները, նույն ցավի կետերը, ուրախությունները եւ հույսերը: Ուսուցիչներին ուղղված իմ երախտագիտության խոսքերը կամ սեփական երեխայիս հանդեպ սիրո հայտարարությունը հավասարապես հասկանալի կլինի երեւանցուն, ամստերդամցուն, կամ, ասենք, Ժնեւից մեկին։ Արվեստն առաջին հերթին երկխոսություն է վարում աշխարհի ամենահզոր՝ զգացմունքների լեզվով։ Եվ դա է նրա ուժը:
Ինչո՞վ եք մխիթարվում դժվար պահերին:
Աշխատանքի վայրում՝ աշխատելու եւ սիրածդ գործով զբաղվելու հնարավորության մեջ։ Ինձ համար թանկ մարդկանց մեջ, նրանում, որ նրանք առողջ են, երջանիկ ու իմ կողքին։ Լավ գրքով, նոր ֆիլմով, հազվագյուտ հնարավորության դեպքում՝ կես օր անցկացնելով ինչ-որ թանգարանում, որը ես վաղուց երազում էի գնալ, բայց չէի հասցնում… Դստերս մեջ՝ նրան հնարավորինս հաճախ տեսնելու հնարավորության եւ կարիքի մեջ: Բուն կյանքի մեջ:
Արվեստը կարո՞ղ է հաղթել չարին:
Արվեստը, իմ կարծիքով, չարի ու բարու պայքարի արտացոլումներից մեկն է, թերեւս դրա ամենահզոր արտացոլումը։ Կարծում եմ, որ այս պայքարն անվերջ է, ցավոք նաեւ՝ չար։ Ինձ մխիթարում է, որ այս պայմաններում հավերժ են եւ՛ բարությունը, եւ՛ արվեստը։
Դուք առաջին անգամ եք Հայաստանում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսի հետ հանդիպումից։ Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը ձեզ համար մշակութային առումով: Ծանո՞թ եք հայկական մշակույթին։
Գեղեցիկ, բաց երկիր՝ հսկայական մշակութային ժառանգությամբ, որը մարդկության պատմությունը հարստացրել է մեծ մարդկանցով՝ Իվան Այվազովսկի, Սերգեյ Փարաջանով, Ֆրունզիկ Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարով, Արմեն Ջիգարխանյան եւ շատ ու շատ ուրիշներ, ովքեր հարստացրել են համաշխարհային մշակույթը։ Իսկ ինձ համար Հայաստանը հումորի զգացումով երկիր է, կենսուրախ ու բաց մարդկանցով։ Ես միշտ երազել եմ այստեղ այցելել։ Իսկ երբ ինձ առաջարկեցին պիեսով գալ Երեւան, ես մեծ ուրախությամբ համաձայնվեցի։ Իմ ելույթում շատ հումոր եւ ինքնահեգնանք կա, եւ հուսով եմ, որ հայերը, ովքեր համարվում են աշխարհի ամենահումորով ազգերից եւ գիտեն, թե ինչպես ծիծաղել իրենց վրա, հաճույքով կդիտեն իմ շոուն: