iPhone-ը կզգուշացնի մոտակայքում առկա հետևող սարքերի մասին․ Apple-ը թողարկել է iOS 17.5-ը, որը մի շարք նոր գործառույթներ ունի
Apple-ը թողարկել է iOS 17.5-ի թարմացումը, որի նոր գարծառույթն օգտատիրոջը տեղեկացնում է Bluetooth թրեքերի (հետևող սարքերի) առկայության մասին։ Թարմացումը ներառում է նաև Repair State գործառույթը, որը թույլ է տալիս վերանորոգել iPhone-ը՝ առանց Find My համակարգն անջատելու: Օպերացիոն համակարգի այս թարմացման շնորհիվ նաև հնարավոր է դարձել հավելվածներ ներբեռնել անմիջապես դրանք մշակած ընկերությունների կայքերից, տեղեկացնում է Engadget.com-ը։
Անցանկալի Bluetooth թրեքերի մասին զգուշացնող միջհարթակային այս համակարգի աջակցության գործառույթը մշակել են Apple-ը և Google-ը՝ օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը բարելավելու նպատակով: Այժմ iPhone և Android սարքերի սեփականատերերը կկարողանան նախազգուշացումներ ստանալ մոտակայքում երրորդ կողմի հետևող սարքերի առկայության մասին:
Նաև iOS 17.5-ում հայտնվել է նոր՝ Repair State գործառույթ, որի շնորհիվ iPhone-ի սեփականատերերը ստիպված չեն լինի անջատել Find My որոնման ծառայությունը հեռախոսը վերանորոգման ուղարկելուց առաջ, ինչը, ըստ մշակողների, կարագացնի սպասարկման գործընթացը և այն ավելի ապահով կդարձնի։
Մեկ այլ կարևոր նորամուծություն է ծրագրավորող ընկերությունների կայքերից հավելվածներ ներբեռնելու աջակցությունը, սակայն այն գործում է միայն ԵՄ երկրներում և պայմանավորված է ԵՄ թվային շուկաների մասին օրենքի նոր փոփոխություններով: Այնուամենայնիվ, iOS հավելվածների ներբեռնումն անմիջապես ծրագրավորող ընկերությունների կայքերից հասանելի չի լինի հանրությանը: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ ծրագրավորող ընկերությունները նախ համապատասխանեն App Store-ի նոր կանոններին: Մասնավորապես, նրանք պետք է ունենան դրական համբավ ունեցող ծրագրավորող ընկերության օգտահաշիվ և հավելված, որը նախորդ տարում ավելի քան 1 միլիոն անգամ տեղադրվել է iOS սարքերում։
iOS 17.5-ի հիմնական փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ Թարմացվել է նաև Apple News+ հավելվածը, որը վերջապես ունի օֆլայն ռեժիմ և հնարավորություն է տալիս բաժանորդներին նորություններ կարդալ առանց ինտերնետ կապի։ Թարմացումն արդեն հասանելի է ներբեռնման համար:
Թարմացումը ներբեռնելու համար հարկավոր է գնալ «Կարգավորումներ» -> «Ընդհանուր» -> «Ծրագրաշարի թարմացում» -> «Թարմացնել հիմա» և հետևել էկրանի հրահանգներին: