Մեզ վրա նաև միջազգային ճնշում կա, միակողմանի զիջումներով խաղաղություն բերելը հեռանկար չունի. Ավետ Ադոնց
Դիվանագիտությունն ունի 4 առանցքային գործառույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«Առաջինը՝ հստակ իմանալ քո նպատակները եւ դրանց հասնելու միջոցներ, երկրորդ, հստակ ըմբռնել հակառակորդի, թշնամու կամ մրցակցի նպատակները եւ դրանց հասնելու միջոցները, երրորդը, համադրել քո նպատակները եւ հակառակորդի, թշնամու, մրցակցի նպատակները եւ դրանց համատեղելիությունը եւ դրա հիման վրա կառուցել այնպիսի ռազմավարություն, որ քո նպատակները կարողանաս կյանքի կոչել:
Այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակահատվածում, սկսած 2020-ից, շատ անգամ մեզ մատուցվում են որպես առանձին դրվագներ եւ մենք տեսնում ենք ծառեր, բայց չենք ընկալում ողջ պատկերը՝ անտառը: Իրականում տեղի է ունենում մեծ ռազմավարության կյանքի կոչում: Առանց դրա վերլուծությունը հասկանալու մենք միայն լինելու ենք արձագանքողի դերում: Միայն ճիշտ գնահատելով, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կարող ենք մշակել դրա կախակայման ծրագիրը»,-ասաց նա:
Իր հերթին արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշեց. «Այն միջավայրը, որի ականատեսն ենք այսօր, անընդունելի է ցանկացած դիվանագետի համար: Մթնոլորտը ճնշող է եռւ այդ ճնշումն ակնհայտ է Այդ ճնշումը բազմաշերտ է: Կա ներքին ճնշում հասարակության վրա, նաեւ ճնշում կա մեր հակառակորդի կողմից, նաեւ ինչ-որ չափով ճնշում կա միջազգային հանրության կողմից, որը մենք չենք լսում, չենք կարդում, բայց ենթատեքստում այդ ամենը կա: Եթե այդ ճնշումը չլիներ, ապա միջազգային հանրությունը կփորձեր օգնել գոնե մեզ, որպեսզի սահմանազատման համար անհրաժեշտ համապատասխան մթնոլորտը ձեւավորվի: Միակողմանի զիջումները անընդունելի են: Գնալ միակողմանի զիջման, փորձելով դրանով խաղաղություն բերել այս կամ այն տարածաշրջան, հեռանկար չունի: Որովհետեւ նույն Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, այդ թվում մայրաքաղաքին: Սա նաեւ մեր արժանապատվության հարցն է»,-ասաց նա: