Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանի, Արման Անդրեասյանի եւ Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

0

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին եւ Հայաստանի հավաքականին, որը  վերադարձավ Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Երեւան ժամանեց փետրվարի 20-ին Բուխարեստ — Քիշնեւ — Երեւան չվերթով 05:30-ին: Չեմպիոնների ժամանումը նախատեսված էր ավելի վաղ, բայց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հետաձգված թռիչքով պայմանավորված թիմը կժամանի ուշացումով:

Օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Երկրպագուները պաստառներով, Հարությունյանի, Անդրեասյանի լուսանկարներով էին սպասում մեդալակիրներին:

Չեմպիոններին դիմավորելու էին եկել ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Մասիս քաղաքի ներկայացուցիչներ, մարզիկների ծնողները, բարեկամներն ու ընկերները:

Երկրպագուները Եվրոպայի քառակի չեմպիոնին, Արման Անդրեասյանին եւ Մեժլում Մեժլումյանին սպասասրահում դիմավորեցին աղ ու հացով:

Արսեն Հարությունյանին դիմավորելու էին եկել կինը,  6-ամսական դուստրը՝ Մարիան, որոնք չեմպիոն հայրիկին սպասում էին սպասասրահի անկյունում: Դիմավորողներից էր նաեւ Հարությունյանի կրտսեր եղբայրը,որը չեմպիոն եղբոր դուրս գալուն պես վազեց դեպի արգելված գոտի եւ ամուր գրկեց:

Ընկերներն ու երկրպագուները տեւական ժամանակ Արման Անդրեասյանին եւ Արսեն Հարությունյանին բաց չէին թողնում, բոլորը ցանկանում էին լուսանկարվել չեմպիոնների հետ:

Փետրվարի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում  52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց  գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում նա 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։

Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Leave A Reply

Your email address will not be published.