«Down With the System». Սերժ Թանկյանը ինքնակենսագրական գիրք կթողարկի
System of a Down հանրահայտ ռոք խմբի աշխարհահռչակ անդամ Սերժ Թանկյանը հայտարարել է իր առաջին ինքնակենսագրական գրքի թողարկման մասին՝ ներկայացնելով նաեւ գրքի շապիկը։
Revolver կայքը գրում է՝ Սերժ Թանկյանը կլինի առաջինը, ով կխոստովանի, որ «System of a Down» խմբի՝ «ժամանակակից երաժշտության մեջ առաջատար դառնալն անհավանական փաստ էր. հայ-ամերիկյան խումբ, որը նվագում էր բավական ագրեսիվ ռիթմեր՝ տեմպի անսովոր տատանումներվ, եւ հայկական ժողովրդական մեղեդիներ՝ մռնչացող, ճչացող եւ ծաղրող բառերով, որոնց մեկ տողի մեջ կարող էին ավանգարդ հիմարությունից անցնել սոցիալ-քաղաքական թեմաների»: Ինչպես Սերժն է խոստովանում, «Ի վերջո, դա լսելը հեշտ չէ»։
Կայքը նաեւ գրում է, որ չնայած այս ամենին՝ System-ի երաժշտությունը գրավել է միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում՝ ակսած այն պահից, երբ խումբը 1990-ականների կեսերին հայտնվեց ասպարեզում: Գրեթե 40 միլիոն ալբոմի վաճառք, երեք ալբոմ՝ Billboard-ի հիթ-շքերթում եւ նվիրված երկրպագուներ․․․ Խումբը գերիշխում էր հենց այն ժամանակ, երբ աշխարհը սկսեց վերաիմաստավորել ռոք աստղերի գաղափարները՝ այն, թե ինչից կարող էին եւ չէին կարող խոսել կամ անել:
Down With the System-ում Սերժը ընթերցողներին ներկայացնում է հուշեր, որոնք շատ ավելին են, քան պարզապես ռոք-ն-ռոլը: Դա ներգաղթյալի պատմություն է, ակտիվիստի զարթոնք եւ հոգեւոր ճանապարհորդություն՝ խավարից դեպի լույս: Սերժն ինքը հնարավորություն է ունեցել ապրելու արտասովոր կյանք՝ բախտի, հանգամանքների, պայքարի, տաղանդի եւ հոգեւոր զարթոնքի համադրության շնորհիվ: Նախքան 7 տարեկանում Լոս Անջելես տեղափոխվելը՝ Բեյրութում ծնված Սերժը մեծացել է քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ռումբերի ձայների ներքո:
Երիտասարդ տարիքում նա դառնում է «Փոքրիկ Հայաստանի» SoCal համայնքի անդամ՝ բացահայտելով ավելին իր նախնիների դաժան ցեղասպանության մասին՝ միաժամանակ օգնելով ծնողներին հարմարվել Ամերիկյան երազանքի սահմանափակումներին եւ հակասություններին: Այնուհետեւ, LSAT դասից տուն վերադառնալիս Սերժը որոշում է հեռանալ բիզնեսի եւ իրավունքի խոստումնալից ասպարեզից՝ երաժշտություն ստեղծելու համար։ Այս որոշումը նրան տանում է հյուրախաղերի՝ որպես մեծ ճանաչում ունեցող ռոք խմբի մենակատար:
Down With the System-ը բացահայտում է Թանկյանի այդ անհավանական ճանապարհորդությունը, նրա քաղած դասերը՝ երաժշտության, արվեստի, ակտիվիզմի եւ հենց իր մասին։ Գիրքը հետաքրքիր կլինի ինչպես երաժշտի հին, այնպես էլ՝ նոր երկրպագուների համար։