Սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսում ԱԲ թեմայով փակ ֆորում կանցկացվի․ կմասնակցեն նաև Մասկն ու Ցուկերբերգը
ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորք նահանգից) սեպտեմբերին արհեստական բանականության (ԱԲ) գործիքների կարգավորման թեմայով փակ ֆորում կկազմակերպի, որին կմասնակցեն խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հայտնում է Axios կայքը։
Կայքի տվյալներով՝ ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 13-ին և կտևի մոտ երկու-երեք ժամ։ Քննարկման հիմնական թեման կլինի ԱԲ-ի կիրառման հետևանքները։ Մասնակիցների ցանկում, բացի Մասկից ու Ցուկերբերգից, ներառված են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ինչպես նաև Google-ի, OpenAI-ի և Nvidia-ի ղեկավարները։
The Washington Post-ը ճշգրտում է, որ ֆորումը կազմակերպելու վերաբերյալ իր մտադրության մասին Շումերը հայտնել է դեռ հունիսին: «Արհեստական բանականությունն այնքան արագ է զարգանում և այնքան կտրուկ է փոխում մեր աշխարհը, այն շատ ավելի բարդ է, քան այն ամենը, ինչին մենք նախկինում առնչվել ենք, և այն չունի օրենսդրական պատմություն Կոնգրեսում»,- ասել է սենատորը:
Չակ Շումերը կարծում է, որ ֆորումը օրենսդիրներին հնարավորություն կտա ծանոթանալու այս տեխնոլոգիայի ոլորտի առանցքային դեմքերի գաղափարներին, որպեսզի հետո կարողանան դրանք «վերածել օրենսդրության»։
Ավելի վաղ ԱԲ ոլորտի յոթ առաջատար ընկերությունների (այդ թվում՝ Amazon, Google, Microsoft) ղեկավարների հետ նման հանդիպում էր կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Հանդիպմանը նրանք պարտավորություն էին ստանձնել ապահովելու, որպեսզի ԱԲ ցանկացած պրոդուկտ մանրազնին փորձարկումներ անցնի նախքան հանրությանը հասանելի դառնալը։
ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ հանդիպմանը տեխնոլոգիական հսկաների ղեկավարները նաև պարտավորվել էին այս հարցում հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով համագործակցել կառավարության, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների հետ: