«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի անցկացման օրն ու մանրամասները
Օգոստոսի 26-ին` ժամը 19:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:
Փառատոնի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, դրանք ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարեւորագույն սկզբունքներ՝ ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որեւէ ժամանակակից մշակումների, բացառապես ազգային նվագարանների կիրառում (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ …):
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երեւանում, Տավուշում եւ Արցախում: Միջոցառմանը մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, 400 եւ ավելի արտիստ: Այս տարի ելույթ կունենան «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս իր կարեւոր մասնակցությունն է ունենալու նաեւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: