Արցախի և Հայաստանի անվտանգության մասին

0

Արցախի արդեն 9 ամիս շարունակվող բլոկադան այնտեղ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ բացահայտ ցեղասպանության և իրենց նախնիների հայրենիքից վտարման քաղաքականություն է: Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան ալյանս» ինստիտուտն իրենց բազմաթիվ հայտարարություններում նշել են դրա մասին և մենք բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք նպաստել Լաչինի միջանցքի բացմանը, մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների և մանկական հատուկ սննդամթերքի տեղափոխմանը Արցախ: 21-րդ դարում փակ ճանապաչհներ չեն կարող լինել, Լաչինի միջանցքը պետք է բաց լինի բեռների և քաղաքացիների տեղափոխման համար: Որ Ադրբեջանը դրանով այլ հեռահար հակահայկական նպատակներ է հետապնդում, կասկած չկա: Բայց մեր համար անհասկանալի է Հայաստանի և Արցախի իշխանությունների կեցվածքը:

Վերջին իրադարձությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման հարցի քննարկումն էր: Որպեսզի գնահատենք այդ քննարկումները, պետք է նախ հասկանանք,թե ինչ էտեղի ունեցել մինչև այդ:

·      Հայաստանի իշխանություններն իջեցրել են նշաձողը՝ պատրաստակամություն հայտնելով ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Հենց դրա հետևանքով է Ադրբեջանը փակել Լաչինի միջանցքը նույնիսկ մարդասիրական օգնության և միջազգային կազմակերպությունների համար:

·      Օկուպացված է մնում Հայաստանի սուվերեն տարածքի զգալի մասը

·      Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, իսկ հայկական կողմը դրանց կատարումը պարտադրելու լծակներ չունի և մնացել է Ադրբեջանի «բարի կամքի» հույսին:

·      Իրականում Հայաստանի և Արցախի դեմ պատերազմը շարունակվում է, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են մեզ վախեցնել նոր պատերազմի սպառնալիքով, որը մանիպուլյացիա է և շահարկում:

Այս ամենը հասկանալով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումը կարելի է գնահատել մեկ նախադասությամբ. միջազգային հանրությունը որոշակի ուշադրություն ցուցադրեց Արցախի շրջափակմանը: Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ոչ մի գործիքակազմ՝ սանկցիաներ կամ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, չօգտագործվեց: Ցավոք Հայաստանի ներկայացուցիչը չբարձրացրեց Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, չխոսեց Թուրքիայի բացասական դերակատարության մասին, որն այս ամենին մասնակցում է գրեթե ողջ գործիքակազմով: Փոխարենը՝ Ադրբեջանի ներկայացուցիչը նշեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ դրա մասին հայտարարել է նաև Հայաստանը և որ Ադրբեջանը պատրաստ է ճանապարհ տալ Աղդամով:

Հաշվի առնելով, թե որքան թույլ էին հայկական դիվանագիտության կողմից կատարված նախապատրաստական տնային աշխատանքները, կարելի է ենթադրել, որ այս թեման հետագայում զարգացնելու հնարավորություններն անարդյունավետ են լինելու: Սա Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն է տալու շարունակել դեռևս հարյուր տարի առաջ սկսած հայոց ցեղասպանությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու, հայերին իրենց նախնիների բնօրրանից արտաքսելու քաղաքականությունը:

Մենք վստահ ենք, որ իրավիճակը շտկել հնարավոր է, այս աշխարհում անհնար բաներ չկան, եթե բանակցող կողմը չի գնում բանակցությունների՝  նախապես հակառակորդ կողմի բոլոր պայմաններին համաձայնություն տալուց հետո: Մեր կողմից բանակցող Փաշինյանը բանակցությունների է գնում ոչ թե Արցախի կամ Հայաստանի անվտանգությունըն ուժեղացնելու, երկու հայկական պետությունների սուվերենությունը պաշտպանելու նպատակով, այլ Հայաստանում իր իշխանությունը պահպանելու հիվանդագին ցանկությամբ: Նրա հայտարարած խաղաղությունը ոչ մի րոպե չի կարող լինել, եթե մեր երկիրը չկարղանա պաշտպանել այդ խաղաղությունը: Միջազգային գործընկերներից գարանտիաներ ստանալու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի գործով ապացուցել, որ պատրաստ է և կարող է պաշտպանել իրեն և Արցախը: Այս ամենի արդյունքում Հայաստանը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման թատերաբեմ, որտեղ բացակայում են մեր պետության և ժողովրդի շահերը:

Սփյուռքի խնդիրների մասին

2018 թվականից մինչև հիմա սփյուռքը այս իշխանությունների հարվածների տակ է: Բոլոր գաղթօջախներում իրենց հասանելի ամբողջ գործիքակազմով Փաշինյանի կառավարությունը փորձում է կազմաքանդել տասնամյակներով ձևավորված հայրենիք-սփյուռք կապերը, տնտեսական, քաղաքական և մշակութային առնչությունները: Մենք, որպես սփյուռքի ամենաբազմամարդ համայնքի ներկայացուցիչներ, խիստ մտահոգված ենք Հայաստանի այսօրվա իշխանությունների այս գործելաոճով: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և անվտանգային կյանքում սփյուռքի մասնակցությունը շափազանց կարևոր է: Սփյուռքը չի կարող Հայաստանի համար միայն ֆինանսական հոսքերի դոնոր լինել, որովհետև բոլորիս միսնական հայրենիքի հզորությունը հայկական սփյուռքի ոչ միայն հպարտությունն է, այլև գոյության հիմնական պայմանն ու ոգեշնչողը:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ցավոք հայ-ռուսական հարաբերություններն այսօր ցանկալի մակարդակի չեն, ինչպես որ նախկինում էր: Դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ: Բաց չենք կարող անտեսել սուբյեկտիվ գործոնները: Ռուսաստանի հայերի միությունն ավելի քան 20 տարի սերտ համագործակցում է Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչների, կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ստեղծել ենք մեր հայրենիքի ու մեր հայրենակիցների շահերը ներկայացնելու և պաշտպանելու բազմաթիվ գործուն մեխանիզմներ: Մենք մշտական կապի մեջ ենք ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության և երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բայց Հայաստանի իշխանությունների վարած անհեռատես արտաքին քաղաքականությունը ոչ միայն վնասել է Արցախին ու հայոց պետականության շահերին, այլև դժավարին դրության մեջ է դրել նաև մեր համայնքներին Ռուսաստանում և մյուս երկրներում: Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանություն ճանաչման մասին Փաշինյանի հայտարարությունները խճճել են Արցախի հարցում Ռուսաստանի տրամադրություններն ու դիրքորոշումները: Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունը, Փաշինյանը լրջագույն հարված է հասցնում ոչ միայ հայ-ռուսական հարաբերությունների բնական բովանդակությանը, այլև մեր ջանքերին, սահմանափակում է հայրենիքին աջակցելու մեր քաղաքական և տնտեսական հնարավորությունները: Չնայած դրան, մենք անտրտունջ առաջ ենք տանում մեր ծրագրերը, զարգացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի կարող քաղաքական ու հասարակական շրջանակների հետ, որովհետև հասկանում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Մեր հայրենիքի և Արցախի սուվերենության, անվտանգության միակ իրական երաշխավորը այդ երկիրն է, իսկ հիմա՝ նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը: Պետք է գիտակցել, որ նրանց նկատմամբ բոլոր դժգոհությունները նույնպես կապված են Նիկոլ Փաշինյանի երկակի քաղաքականության հետ:

Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին

Երևանը միշտ էլ կարևորագույն նշանակություն է ունեցել ամբողջ հայ ժողովրդի համար: Ոչ մի անգամ Երևանի քաղաքապետի նշանակումը կամ ընտրությունը միայն Երևան քաղաքին չեն վերաբերվել ու միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել համապետական բոլոր ընտրությունների արդյունքների համար: Այսօր մարդիկ մոլորության մեջ են, եթե կարծում են, որ քաղաքապետի ընտրությունով միայն ասֆալտի կամ հասարակական տրանսպորտի, խմելու ջրի կամ մանկապարտեզի շենքի հարց են լուծում: Այո, մունիցիպալ խնդիրները չափազանց կարևոր են: Սակայն Երևանի քաղքապետի ընտրություններին, հատկապես այսօրվա քաղաքական իրողությունների պարագայում, պետք է նայել երկրում արմատական քաղաքական փոփոխությունների տեսանկյունից: Երբ 2021 թվականին Ազգային ժողովի ընտրություններ եղան, Նիկոլ Փաշինյանը չէր ասում, որ մանդատ է ուզում, որ Ղարաբաղն ու Հայաստանի տարածքները հանձնի: Նա ժողովրդին համազում էր, որ իր ընտրվելու դեպքում պետք է պայքարի Արցախի անկախության համար, որ փրկի արցախցիներին: Բայց հիմա ասում է, որ ինչ ուզի՝ այն էլ կբանակցի, որովհետև 21 թվականին ստացել է ժողովրդի քվեն: Եթե Երևանում նորից Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի՝ խոստանալով, որ մետրո կկառուցի, տրանսպորտը կկարգավորի, սուտ է: Մինչև այժմ նա իր ոչ մի խոստումը լիարժեք չի կատարել: Եվ ընտրություններից հետո էլ, ցանկացած հակահայկական քայլ անելուց բոլորիս լռեցնելու է, ասելով, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունն իր թիմին հերթական անգամ վստահության քվե են տվել: Մենք համոզված ենք, որ բոլոր թեկնածուներից ամենավստահելին այն ուժն է, որը քաղաքապետի ընտրություններին վերաբերվում է համահայկական շահի տեսանկյունից:

Ռուսաստանի հայերի միությունը ներկայացնում է ոչ միայ Ռուսաստանի քաղաքացի հայերին, այլև այդ երկրում ապրող միլիոնավոր ՀՀ քաղաքացիներին: Մեզ համար Երևանի քաղաքապետի ընտրությունը կարևորագույն նշանակություն ունի:  Այսօր սկսվում է նախընտրական քարոզչությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք ուշի ուշով կհետևենք թեկնածուների քարոզչությանը, կուսումնասիրենք նրանց ծրագրերը և հանդես կգանք հստակ հայտարարությամբ, թե ում ենք տալու մեր նախապատվությունը:

Leave A Reply

Your email address will not be published.