ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի կարգավիճակիի մասին․ Արա Աբրահամյան
«Այսօր ժողովրդին վախեցնում են, թե եթե այսինչ բանը չանենք, պատերազմ է լինելու։ Սուտ է, այդ իրենք են բերում պատերազմ: Ասում են՝ Ղարաբաղը տանք, խաղաղություն կլինի, բայց ճիշտ հակառակն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ադրբեջանցիները մտնում են Արցախ, մարդկանց են գողանում: Ես դեմ չեմ խաղաղությանը, կարծում եմ՝ հայ ժողովուրդն աշխարհում ամենաառաջին ազգն է, որ պատերազմ չի ուզում, բայց ի՞նչ գնով: Ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։
Վերջինիս չի գոհացրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի պատվիրակության կեցվածքը:
«Ոչ մի արդյունք չկա, ԱԽ-ն ոչ ինչ-որ բանաձև ընդունեց, ոչ սանկցիաներ սահմանեցին Ադրբեջանի դեմ։
Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի, ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին: Ոչ մեկ մի օրինակ չբերեց, թե ինչպե՞ս կարող ենք դրանց հետ ապրել: Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր այնտեղ նույնիսկ հայկական գերեզմանաքար չկա: Ինչպե՞ս մենք կարող ենք 120 հազար մարդու թողնել ադրբեջանցիների հետ: Եվ մենք այսօր ճանաչո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը մտածո՞ւմ է, կամ ինչպե՞ս է մտածում: Դա խայտառակություն էր Հայաստանի համար»,-նշեց Աբրահամյանը: