Շուշան Պետրոսյանի արխիվային լուսանկարները եւ մանկության հուշերը՝ ծնողների ու տատիկի մասին (ֆոտո)
Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում բավական ակտիվ է Instagram-ում։ Երգչուհին, հատկապես, կիսվում է արխիվային լուսանկարներով ու հուշերով։ Այսօր ՀՀ վաստակավոր արտիստը տատիկի հետ լուսանկարն է վերհիշել՝ այն մակագրելով,-«իմ Աննա տատիկը, իմ հրեշտակը»։
Ավելի վաղ երգչուհին մոր՝ հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եւ տատի հետ լուսանկար էր հրապարակել՝ կիսվելով մանկական հուշերով․
«Մարաշցի Տատիկիս ձայնը միշտ ականջներումս է։ Ուսանող ծնողներս, երբ իր մոտ էին թողնում,քնացնելիս երգում էր «Քնիր, մանկիկ, քնիր, փոքրիկ քուլուխդ փարցին թիր…»… Տատիկս հինգ լեզու գիտեր, Շոպեն էր սիրում, ֆուտբոլ էր սիրում, ու եթե հանկարծ «Արարատը» պարտվում էր, 2-3 օր տանը ստվերի նման էինք շարժվում։ Երեկոները թաթիկս բռնած, ոտքով գնում էինք Ծիծեռնակաբերդ ու ճանապարհի ընթացքում իմ չդադարող հարցերի հեղեղին համբերատար պատասխանում էր… Լռակյաց էր Տատիկս… Իմ հրեշտակն է»,-գրել է Շուշանը, որը հիշել է նաեւ մայրիկի՝ իր համար երգած երգը՝ Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը։ Երգչուհին պատմել է, որ մինչեւ 12 տարեկանը կարծել է, թե այդ երգը միայն իրենն է եղել, ու կատակել է՝ ճշմարտությունը «ծանր» է տարել։
«12 տարեկան էի ու Մամայի հետ դահլիճում ինչ-որ համերգի էինք նստած, երգչուհին սկսեց Կանաչյանի «Օրորը» երգել, շատ անհանգստացած նայեցի Մորս, ինձ թվաց՝ ինքն է սովորեցրել… Ի՞նչ խոսք՝ ծանր օր էր, «դավաճանության» նման ինչ-իր բան զգացի»,-հումորային գրառման մեջ հավելել է Շուշանը։