Մայիսի 3-ին և 4-ին կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը. կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը
Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Երթևեկության սահմանափակման պատճառը «Երևանի գինու օրեր» միջոցառումն է:
«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումն արդեն դարձել է սիրված և սպասված ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։ Այն դարձել է Երևանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում: «Երևանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի և, մասնավորապես, Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Խնդիր է դրված ներգրավել մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել մեծ թվով զբոսաշրջիկների և մրցունակ դիրք գրավել տարածաշրջանում: