Ամսական 10000 դրամ վճարելով՝ քեզ զերծ ես պահում աղետալի ծախսերից. Ավանեսյանը՝ պարտադիր ապահովագրության մասին

0

Ապահովագրական փաթեթը ներառում է ոչ միայն թարմացված առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների ծառայություններ, այլեւ դեղորայքային, եւ ծառայությունների փաթեթը բավականաչափ ընդլայնվելու է՝ ներառվելու են հիվանդանոցային թանկարժեք վիրահատություններ, բուժական տարբեր միջամտություններ: Այդ մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ շեշտադրում եմ, որ պետությունը միջին աշխատավարձից ցածր ստացող քաղաքացիների համար ունենալու է ճկուն եւ շատ կարեւոր օժանդակ սուբսիդավորման ծրագրեր:

Ամսական 10 հազար դրամ կամ ինչքան կորոշվի նախագծով, ընդունման պարագայում քաղաքացին կունենա, օրինակ, սրտի բաց վիրահատության կարիք, որն արժի 4,5-5 մլն դրամ, որեւէ բան չի վճարի: Այսօր շատ կան դեպքեր, երբ երիտասարդ, 35-40 տարեկան մարդն ընկել է հիվանդանոց, պետք է վճարի 4-5 մլն դրամ, եւ իսկապես շատ մեծ դժվարության առաջ է կանգնած: Երբ հետադարձ նայում ես, որ ամսական մի փոքր գումար վճարելով դու քեզ զերծ ես պահում նման աղետալի ծախսերից, սա է լուծումը առողջապահական համակարգերի»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն այս բարեփոխման առումով տարիներ է կորցրել, այն վաղուց պետք է ընդունված լիներ:

Leave A Reply

Your email address will not be published.