Գերմանացի կինոաստղ Թիլ Շվայգերի ու Արթուր Աբրահամի հանդիպումը Երեւանում (ֆոտո/վիդեո)
Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ը տեղեկացրել էր, գերմանացի դերասան Թիլ Շվայգերը, որն առավել հայտնի է «Բախելով երկնքի դռները»/Knockin’ on Heaven’s Door/ ֆիլմից, այս շրջանում Հայաստանում է։ Դերասանը ժամանել է Արման Նշանյանի հրավերով։ Երեկ երեկոյան Շվայգերը Երեւանում հանդիպել է հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ։
Արթուրն ինստագրամյան իր էջում գերմանացի աստղի հետ հանդիպումից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել՝ փաստերով, որ Շվայգերը շատ է հավանել Հայաստանը։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Նշանյանը բացահայտել էր Շվայգերի՝ Հայաստան ժամանելու բացառիկ մանրամասները․
«Մենք միասին ամերիկյան մի ֆիլմում ենք նկարահանվել՝ «Hollywood&Crime»/«Հոլիվուդ եւ հանցագործություններ»/։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաեւ Միկի Ռուրկը, Ալեք Բոլդուինը, Նիք Քենոնը եւ այլ հայտնի դերասաններ։ Այնպես է ստացվել, որ մենք աշխատում ենք նույն գործակալի հետ։ Ֆիլմի ռեժիսորը Մայք Հեթոնն է, պրոդյուսերը՝ Ասկո Ակոբյանը։ Ես եւ Թիլը ծանոթացել ենք Մալյորկայում, որտեղ նրա նկարահանումներն էին ընթանում, հյուրընկալվել էի իր տանը։ Այդ ժամանակ էլ իրեն հրավիրեցի Հայաստան, խոստացել էր, որ կգար։ Մի գործ ունի, որը սկզբում ցանկանում էր նկարահանել Բուլղարիայում, բայց, կարծես, մտափոխվել է՝ այստեղ է մտածում նկարահանել։ Հիմա եկել է, որ ժամանակ անցկացնենք, նաեւ լոկացիաներ ենք փնտրում իր նախագծի նկարահանման համար, որն արվելու է իմ ընկերության՝ People of AR Production-ի հետ համատեղ»,-պատմել էր Արմանը։