TikTok-ում հայտնվել է վճարովի բովանդակություն. 20 րոպեանոց տեսանյութերը կարելի է վաճառել $190-ով
Հանրահայտ TikTok սոցիալական ցանցը բովանդակություն ստեղծողներին գումար աշխատելու նոր հնարավորություն է տալիս․ այսուհետ նրանք կարող են հարթակում տեղադրել նաև տեսանյութեր, որոնց դիտումը կլինի վճարովի։ Այս տեսանյութերը կարող են ունենալ մինչև 20 րոպե տևողություն, ընդորում, հավաքածուում հնարավոր է միավորել 80 այսպիսի տեսանյութ։
Բովանդակության այս նոր տեսակը կոչվում է Series։ Այս շարքի տեսանյութերի համար հեղինակները կարող են սահմանել 1-ից մինչև 190 դոլար գին: Այնուամենայնիվ, հեղինակը չի ստանա ողջ գումարը. նրա եկամտից կհանվեն նյութի մշակման ծախսերը և հավելվածների խանութի միջնորդավճարը։ Ընդհանուր առմամբ, հավանաբար, TikTok-ը կպահի այդ գումարի առնվազն 30%-ը։
Դիտողները կկարողանան վճարովի բովանդակությունը գնել TikTok հավելվածի միջոցով, իսկ բովանդակություն ստեղծողները նաև կկարողանան օգտագործել Series-ի նոր կայքը, որպեսզի տեսանյութեր տեղադրեն և հետևեն իրենց աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ցուցանիշներին։
Վերջերս TikTok-ը ներդնում է մոնետիզացիայի նոր ձևաչափեր և մեթոդներ ԱՄՆ շուկայի այլ կայքերի հետ ավելի արդյունավետ մրցակցելու համար։ YouTube-ը, օրինակ, վերջերս գործարկել է Shorts կարճ տեսանյութերի մոնետիզացիան (դրանք համարվում են TikTok-ի կարճ տեսանյութերի հիմնական մրցակիցը), սակայն TikTok-ը չունի այսպիսի տարբերակ։
Մոնետիզացիայի այս նոր մոդելը նման է մի քանի այլ հարթակների, ներառյալ Patreon-ի կամ OnlyFans-ի մոդելին: Այնուամենայնիվ, TikTok-ում բովանդակության վերաբերյալ սահմանափակումները կմնան նույնը:
Տեսանյութերի վճարովի տարբերակը ներկայումս հասանելի է միայն որոշ հեղինակների համար, սակայն ակնկալվում է, որ այն առաջիկա ամիսներին կներդրվի հարթակի բոլոր հեղինակների համար: