Տիեզերական աղբի ապոկալիպսիս. 6 օբյեկտ, որոնք կարող են ավերածություններ առաջացնել Երկրի ուղեծրում

0

Մեր մոլորակի շուրջը եղած տարածությունում տարեցտարի ավելի շատ տիեզերական աղբ է կուտակվում․ հազարավոր արբանյակներ և տիեզերական աղբի միլիոնավոր բեկորներ, որոնք անվերահսկելի են, պտտվում են Երկրի ցածր ուղեծրում և միմյանց բախվելում դեպքում իսկական խառնաշփոթ կստեղծեն: Space.com-ը ներկայացրել է այն օբյեկտները, որոնք, ըստ փորձագետների, ամենից շատ վտանգն են ներկայացնում մերձերկրյա ուղեծրում։

Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում Երկրի մերձակայքում տեղի ունեցող իրադարձությունները երկու անգամ գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը: Հունվարի 27-ին տիեզերական աղբի երկու հսկայական կտոր՝ ռուսական հրթիռի երկրորդ փուլի մի մեծ կտոր և վաղուց չգործող ռուսական մի արբանյակ միմյանց մոտեցան մոտ 6 մետր։ Բարեբախտաբար դեպքերը «վատագույն սցենարով» չզարգացան և բախում տեղի չունեցավ։ Ավելի ուշ՝ փետրվարի 6-ին, տեղեկություն տարածվեց, որ հունվարի սկզբին ռուսական արբանյակը բաժանվել է 85 բեկորի, որոնք այնքան մեծ են, որ Երկրից հնարավոր է հետևել դրանց։

1. Ռուսական SL-16 հրթիռի բեկորները

Տիեզերական աղբի հիմնական մասը մնացել է Սառը պատերազմի տարիներից և 2000-ականների ընթացքում։ Այդ ժամանակներից մնացածներից է SL-16-ը, որը ռուսական «Զենիթ» հրթիռի երկրորդ փուլն է, կշռում է 9,9 տոննա է, ունի 11 մետր երկարություն և թերևս ամենավտանգավորն է Երկրի ցածր ուղեծրում պտտվող աղբից։

2. Ռուսական SL-8 հրթիռի մասեր և Սառը պատերազմից մնացած լրտեսական արբանյակներ

Հունվարի 27-ին միմյանց մոտեցած բեկորներից մեկը հենց ռուսական SL-8 հրթիռի երկրորդ փուլի հատվածն էր, որը կշռում է 1,54 տոննա: Այն 1960-1990-ական թվականներին մոտ 145 լրտես և կապի արբանյակներ է բարձրացրել տիեզերք։ Արբանյակները, որոնցից յուրաքանչյուրը 800 կիլոգրամ է կշռում և այլևս չի օգտագործվում, շարունակում են աղտոտել մերձերկրյա ուղեծիրը։

3. Չինական հակաարբանյակային թեստային հրթիռի բեկորներ

Երկրի ցածր ուղեծիրը 2007թ. դարձել է տիեզերական աղբի մեկ այլ նմուշի հանգրվան։ Խոսքը չինական հակաարբանյակային թեստային հրթիռի մասին է, որը մոտ 29,000 կմ/ժ արագությամբ հարվածել է Fēngyún տիեզերանավին՝ այն մասնատելով հազարավոր բեկորների։ Հարվածի հետևանքով բեկորները ցրվել են տարբեր ուղղություններով՝ աղտոտելով Երկրի մերձակա ուղեծիրը։ Այս բեկորներից մի քանիսը հայտնաբերվել են Երկրի մակերևույթից մինչև 350-1700 կմ բարձրության վրա։

4. Envisat և Landsat արբանյակներ

Երկրի դիտարկումների նպատակով Եվրոպական տիեզերական գործակալության կողմից տիեզերք բարձրացված Envisat արբանյակը տիեզերական աղբի ամենամեծ կտորներից մեկն է համարվում։ Այն պտտվում է 800 կմ բարձրության վրա և իր զգալի չափերի պատճառով առաջնային տեղ է զբաղեցնում մտահոգիչ օբյեկտների ցանկում: Envisat-ը, որը կշռում է մոտ 8,8 տոննա, իր աշխատանքը դադարեցրել է վաղաժամ՝ 2012 թ․։

1970-ականներից ի վեր NASA-ն արձակել է իր Landsat արբանյակների ինը սերունդ, որոնցից միայն երկուսն են դեռ գործում: Մեկից երեք տոննա կշռող Landsat արբանյակները պտտվում են Երկրի շուրջը 700-900 կմ բարձրության վրա: Արդեն անսարք արբանյակներից և ոչ մեկը հաջողությամբ դուրս չի բերվել ուղեծրից իրենց կյանքի վերջում` ավելացնելով տիեզերական աղբը:

5. The Hubble տիեզերական աստղադիտակը

Hubble տիեզերական աստղադիտակը կարող է գործել ևս մեկ տասնամյակ կամ ավելի, սակայն առաքելությունն ավարտվելուց հետո այն ևս կարող է վերածվել տիեզերական աղբի, որը պոտենցիալ սպառնալիք կարող է լինել թե՛ Երկրի ցածր ուղեծրի, թե՛ հենց Երկրի համար։

Տիեզերադիտակը կշռում է 12,4 տոննա և ավելի ծանր է, քան Envisat-ը և SL-16 հրթիռի վերին փուլի հատվածը։ Hubble-ը պտտվում է համեմատաբար ցածր՝ Երկրի մակերևույթից մոտ 535 կմ բարձրության վրա, և այդպիսով, հավանաբար, ընդամենը մի քանի տարի կպահանջվի Երկիր վերադառնալու համար: Այնուամենայնիվ, իր չափերի պատճառով աստղադիտակը Երկրի մթնոլորտ մտնելու ժամանակ դժվար թե ամբողջությամբ այրվի, որոշ հատվածներ, այդուհանդերձ, կարող են հասնել Երկիր։

6. Չափազանց շատ արբանյակներ

Ըստ LeoLabs-ի տվյալների՝ 1957 թ․ Խորհրդային Միության Sputnik 1-ի՝ աշխարհի առաջին արբանյակի արձակումից հետո առաջին 50 տարիներին Երկրի ցածր ուղեծրում կուտակվել է 10,000 օբյեկտ՝ գործող և գործող: Հետո եկավ տիեզերական նոր հեղափոխությունը, և ընդամենը 14 տարվա ընթացքում այդ թիվը կրկնապատկվեց: 2022 թ․ վերջի դրությամբ ավելի քան 21,000 օբյեկտ կա տիեզերքի այս խիստ օգտագործվող տարածաշրջանում։

Ի դեպ, Երկրի ցածր ուղեծրում առկա տիեզերական աղբի մոնիտորինգով զբաղվում են նաև Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները, որոնց մշտադիտարկումների միջոցով վերականգնվել է արհեստական արբանյակների համար 700 ուղեծիր, որոնց շնորհիվ այդ արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ աղետալի բախումից։

Leave A Reply

Your email address will not be published.