«Ժամանակ էր պետք վերադառնալու». Արսեն Սաֆարյանը՝ ԱՄՆ-ում կայացած համերգների, պատերազմից հետո «ճգնաժամի» ու դստեր կարիերայի մասին
Արսեն Սաֆարյանն այս օրերին ԱՄՆ-ում է. երգիչը Լոս Անջելեսում հանդես է եկել մենահամերգներով, որոնց տոմսերը սպառվել են հաշված օրերի ընթացքում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արսենը խոստովանեց՝ հեշտ չէր պատերազմից հետո ստեղծագործական կյանքին անցնելը, բայց երկրպագուներին խոստացավ ներկայանալ նոր երգերով ու համերգային ծրագրերով: Երգիչը տարին բացել է «Ձյունը» երգի տեսահոլովակով, եւ ասում է՝ ինքն ու եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, նոր ստեղծագործությունների շուրջ են աշխատում:
Արսեն Սաֆարյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ում կայացած համերգների, պատերազմի ու դրա հետեւանքների, Արցախի, ինչպես նաեւ դստեր՝ Էլեն Սաֆարյանի երաժշտական կարիերայի մասին:
«Միացյալ Նահանգներ եկել էի ելույթ ունենալու ազգային, գուսանական, ժողովրդական երգերով համերգային ծրագրի, որին մասնակցում էի իմ հեղինակային երգերով: Հանդիսատեսը, հաճելիորեն, ինձ շատ լավ ընդունեց: Երկու համերգ ունեցանք, որից հետո, ինձ համար անսպասելիորեն, դրվեցին իմ երկու մենահամերգները: Առաջին համերգի տոմսերը սպառվեցին դեռ գովազդը դուրս չեկած, երկրորդինը՝ նույնպես, այնպես որ՝ համերգները շատ հաջող անցան:
Հրաշալի զգացողություններ եմ ունեցել. հանդիսատեսից զգացել եմ մեծ կարոտ, ջերմություն, ես էլ իրենց հետ հուզվել եմ, ուրախացել: Նման համերգներն, առհասարակ, շատ անհրաժեշտ են: Բացի իմ հեղինակային երգերից, ես ծրագրում ներկայացնում եմ նաեւ այլ հեղինակների ստեղծագործություններ, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանից, նաեւ ժողովրդական ու գուսանական երգեր, ինչը հանդիսատեսի համար անսպասելի է լինում»:
Պատերազմից հետո ստեղծագործական լույսը հանգած էր՝ ասում է երգիչը, որը որպես կամավոր մեկնել էր Արցախ՝ սատարելու առաջնագծում մարտնչող զինվորներին. նա հավելում է՝ «ժամանակ էր պետք վերադառնալու համար»:
«Ուր էլ լինեմ, ինչ էլ անեմ, Արցախի թեման ինձ հետ է: Չգիտեմ՝ մեր բարձրաձայնելուց ինչ կարող է փոխվել, երեւի շատ ավելի ազգային մտածելակերպ պիտի ունենանք, եւ դիվանագիտական շատ ավելի ճիշտ քայլեր պիտի արվեն, որպեսզի գրավենք աշխարհի ուշադրությունը, դա նաեւ պետք է անել ներսում: Գուցե, պետք է հավաքվենք եւ դիմելու կոչով մի երգ ստղծենք, բայց դա պետք է արվի անգլերենով… Առաջինը պետք է սկսենք ինքներս մեզանից, որովհետեւ հենց այնպես չի ստացվել, որ այսօր Արցախն այս վիճակում է: Ժամանակը ցույց է տվել, որ հույսդ քո վրա պիտի դնես, ոչ թե աշխարհի: Պետք է կառուցողական մտածենք, մեծ ուշադրություն դարձնենք բանակին եւ իրական քայլեր ձեռնարկենք այն ուժեղացնելու, մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Էլի դիմենք միջազգային հանրությանը, բայց ես վստահ եմ, որ բոլոր ուժերը պետք է մոբիլիզացնել հանուն ինչ-որ բանի, իսկ այսօր ես այդ «հանունը» չեմ տեսնում, ազգային գաղափարախոսությունը չեմ տեսնում… Ամեն գնով խաղաղության կողմնակիցը չեմ ես»,-ասում է երգիչը:
Արսենի դուստրը՝ Էլեն Սաֆարյանն այսօր իր հստակ քայլերն է անում հայկական շոու-բիզնեսում՝ նկարահանվում է «Հատուկ դասարան» սերիալում, իսկ ամիսներ առաջ մասնակցում էր «Հայ երգիչ» երաժշտական նախագծին: Հարցին՝ ինչպես է վերբերվում դստեր՝ երգչուհու կարիերա սկսելուն, երգիչը պատասխանեց.
«Ես այն ծնողներից եմ, որոնք իրենց երեխաների կողքին են: Միշտ ասել եմ՝ անկախ նրանից երգարվեստը կընտրեն, թե ոչ, այն, ինչ անեն, պիտի սիրով անեն: Այնպես որ՝ ես Էլենի կողքին եմ. ինքը կարող է եւ իրավունք ունի ընտրելու այդ ուղին: Իհարկե, զուգահեռ սովորում է ԵՊՀ-ում, ինչի համար շատ ուրախ եմ, բայց նաեւ սիրում է նկարահանվել, երգել, հաճախում է վոկալի, Միհրանի եւ Արփիի դպրոց-ստուդիան, եւ այս հարցում ես նրա կողքին եմ: Շատ եմ կարեւորում մասնագիտական կրթությունը, որպեսզի նա կարողանա կենդանի երգել, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ «տիկնիկ» երգիչ-երգչուհիները մնայուն չեն, եւ ինչ-որ ժամանակ հետո մոռացվում են: Իսկ ես ուզում եմ, որ նա ճիշտ երգչուհի դառնա»:
Սյունե Առաքելյան