Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը
Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 27-ին տոնի առիթով ողջ հանրապետությունում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ:
Մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո:
Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:
Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:
Ժամը 11:00-12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00-13:00-ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ն՝ բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00-15:00-ն՝ սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:
Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով:
Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00-17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:
Ազատության հրապարակում 11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:
Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00-18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:
Նույն տարածքում 14:00-15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00-16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում:
Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00-18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 -18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան Ազատության հրապարակում ժամը 19:30-21:30-ն:
Կառավարության կողմից ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության առաջին իսկ օրից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Թե քաղաքական տարբեր ուժերի, թե քաղաքացիների կողմից հնչել էին կողմև դեմ կարծիքներ: Խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռության նպատակը, նշել էր, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետև Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին, և պետք է նշել Քաղաքացու տոն: Արդյունքում երկարատև քննարկումներից հետո նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց ապրիլի 9-ի նիստում:
Ապրիլի 19-ին կառավարության որոշմամբ` ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվեց 124 մլն դրամ: