Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի Նարե Ղազարյանը
Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը: Մեր պատվիրակի ընտրությունը կատարվել է ներքին քվեարկությամբ` Հանրային հեռուստաընկերության կողմից նախապես հայտարարված մրցույթի արդյունքում:
Նարեն 14 տարեկան Է, երգում է 8 տարեկանից, «Մանկական Եվրատեսիլ»-ը նրա կյանքի առաջին մեծ բեմն է լինելու:
«Իմ պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի ու պարուսույց Հովհաննես Սարգսյանի խորհրդով եմ մասնակցել մրցույթին: Սա ինձ համար մեծ հաղթանակ էր, ու խոստանում եմ ամեն ինչ կանեմ Հայաստանը մրցույթին պատվով ներկայացնելու համար: Հաղթանակն, իհարկե, ցանկալի է, բայց ամենակարևորն ինձ համար լավ ելույթ ունենալն է»,-այսօր` հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց մրցույթում մեր ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է Նարեի մրցութային երգին` այն հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել են Նիկ Էգիբյանն ու Մարտին Միրզոյանը: Այն հանրությանը կներկայացվի առաջիկայում:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կկայանա դեկտեմբերի 11-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: