Ֆրանսիացին վազքով 418 կիլոմետր է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում
Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը։
Ինչպես ապրիլի 10-ին հայտնել է Le Parisien թերթը, այդ նպատակով նա Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բեզանսոնից սկսել է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված է կորպորացիայի ներկայացուցչությունը: Ինն օր անց հաղթահարելով 418 կիլոմետր, նա հասել է իր նպատակին: Բազմաթիվ ֆրանսիացիներ էլ Մելյուկի վազքարշավին հետեւել են Twitter-ի նրա էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով լայքերով:
Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ եւ խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետեւ նկատելիորեն փոխվել է. հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ եւ ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:
Պարզվել է, որ նրանք տեղյակ էին նրա նախաձեռնությանը եւ վազքին ուշադիր հետեւում էին Համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետեւ մասնակցել է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Ֆրանսիացին այժմ Փարիզից կվազի արդյոք Ամստերդամ, դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: