Գիտնականները ստեղծել են ռադիոակտիվ մածուկ մաշկի ոչ մելանոմային ուռուցքների բուժման համար
Հետազոտողները ստեղծել են ռադիոակտիվ մածուկ, որը կարող է փրկել մաշկի քաղցկեղ ունեցող հազարավոր մարդկանց ցավոտ վիրահատությունից, գրել է Daily Mail-ը։
Այս միջոցը քսվում է քաղցկեղով ախտահարված մաշկին եւ մի քանի վայրկյանի ընթացքում ձեւավորում ամուր կեղեւ։ Հետո ռադիոակտիվ մասնիկները մածուկի ներսում ոչնչացնում են մաշկի քաղցկեղային բջիջները։
Բուժումից հետո մածուկը հեռացվում է, եւ հետագա թերապիայի կարիք հազվադեպ է լինում։
Ներկայում Մեծ Բրիտանիայում փորձարկումներ են կատարվում, որպեսզի պարզվի, թե կարող է արդյոք այս հեղափոխական մեթոդիկան կրճատել այն պացիենտների թիվը Մեծ Բրիտանիայում, որոնք վիրաբուժական միջամտության կարիք ունեն մաշկի ոչ մելանոմային ուռուցքների դեպքում։
Դրանք հիմնականում առաջանում են արեւի կամ սոլյարիների ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից եւ ախտահարում են տարեկան մոտ 150 000 մարդու Մեծ Բրիտանիայում։
Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի դեպքերը հազվադեպ են սպառնում կյանքին՝ ի տարբերություն ավելի վտանգավոր չարորակ մելանոմաների, բայց եւ այնպես, դրանցից տարեկան մահանում է մոտ 700 մարդ։
20 դեպքից մոտ մեկում դրանք տարածվում են այլ տեղերում, ինչը քիմիաթերապիա է պահանջում։
Բժիշկները սովորաբար հեռացնում են ախտահարված օջախները տեղային անզգայացմամբ, ինչպես նաեւ մոտակա մաշկի մի մասը, որպեսզի հավաքեն քաղցկեղային բջիջները, որոնք կարող են տարածվել։
Դրանից հետո կարող է սպի մնալ եւ մաշկի պատվաստում պահանջվել, որպեսզի փակվի բաց մնացած տեղը։ Բայց բուժման նոր մեթոդը՝ հեղուկ ռադիոթերապիան, կարող է թույլ տալ պացիենտներին խուսափել վիրահատությունից։
Մաշկի ոչ մելանոմային ուռուցքները դանդաղ աճող գոյացություններ են, որոնք սկզբում ասես կոշտուկներ լինեն կամ անգույն բծեր։ Շատ պացիենտներ դրանք հեռացնում են իրենց թերապեւտի մոտ, բայց Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգը նախկինի պես տարեկան մոտ 150 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսում ծանր դեպքերի բուժման համար։
Փորձագետները հույս ունեն, որ նոր մեթոդի՝ ռենիումի ռադիոնուկլիդային թերապիայի շնորհիվ կարելի է խուսափել դրանցից շատերից։
Բայց այս բուժումը կարող է առաջ բերել արնահոսություն, այտուց եւ մաշկի կարմրություն։
Բժիշկներն ընդգծում են, որ այն հազիվ թե հարմար լինի չարորակ մելանոմաների բուժման համար։