Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթանակով հռչակվեց բրոնզե մեդալակիր: 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ եւ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին՝ հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով:
Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր 2 րոպե։ Քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։
Միակ սփոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 12:11 հաշվով:
Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ավարտեց պայքարը աշխարհի առաջնությունում մեկ բրոնզե մեդալով: