«Ադրբեջանցի զինվորները սպանում են անմեղ մարդկանց․․․ սրա մասին պետք է աշխարհն իմանա»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան
Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադաձրել է Հայաստանի հարավային շրջանների վրա Ադրբեջանի հարձակման, խաղաղ բնակչությանը սպանելու, դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները թիրախավորելու մասին։
«Մի քանի օր առաջ հրապարակել էի իմ առաջին տեսանյութը՝ Ադրբեջանի բարբարոս պահվածքի մասին։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ ստացել եմ մեծ սեր եւ աջակցություն ամբողջ աշխարհից: Բայց նույնքան էլ շատ ատելություն եմ ստացել ամբողջ աշխարհում բնակվող այն մարդկանց կողմից, ովքեր համաձայն չեն իմ ասածի հետ: Բայց փաստը մնում է փաստ։ Ադրբեջանցի զինվորները սպանում են անմեղ մարդկանց` պարզապես նրանց հողը զավթելու համար: Հիմա արթնացեք եւ վայելեք սուրճի բույրը։ Այս դարում այլեւս չպետք է նման խայտառակություն տեղի ունենա։ Բայց Ադրբեջանն այսօր դա անում է։ Նրանք ոչ միայն թիրախ են դարձնում անմեղ մարդկանց, այլեւ թիրախավորում են դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները եւ սպանում մարդկանց: Իսկապե՞ս: Եվ ոչ մի լրատվամիջոց այս մասին չի խոսում։ Ոչ մեկ։ Ուրեմն, ես եմ պատրաստվում խոսել դրա մասին: Այլեւս լուռ չեմ մնալու։ Ես պատրաստվում եմ խոսել այն խնդիրների մասին, որոնք տեղի են ունենում եւ այն փաստի մասին, որ հայերին սպանում են` անմեղ հայերին։ Եվ այս ամենն արվում է հող զավթելու համար… Մարդիկ, ովքեր սա բարբարոսություն են համարում, պետք է խոսեն, տարածեն այս մասին, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում. բավական է արդեն», — վրդովված ասում է Գեւ Օրկյանը։