«Սա սպանդի մի ձեւ է». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի լուծարման մասին

0

 

Похожее изображение

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը լուծարելու առաջարկը դատապարտելի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված Մշակույթի նախարարության տեղեկանքին, որում ի թիվս այլ կառույցների առաջարկվում է լուծարել նաեւ Համազգային թատրոնը։

Նրա համար տարակուսելի է մշակույթի նախարարի պաշտոնակատարի այն հայտարարությունը, թե Համազգային թատրոնը ոչ մի ժանրային առանձնահատկություն չունի. «Ինքը եղե՞լ է մեր թատրոնում, ի՞նչ գիտի մեր ժանրային առանձնահատկությունների մասին։ Եթե մեկը կոմեդիայի թատրոն է, մյուսը՝ ազգային ակադեմիական, դրանք ընդամենը թատրոնի տեսակներ են։ Ժանրային առանձնահատկությունները նշանակում է, որ միայն մեկ ժանրի ներկայացումներ պետք է բեմադրենք, միայն, օրինակ, կոմեդիա պետք է բեմադրենք, կա՞ այդպիսի թատրոն»։

Թատրոնի լուծարումը կանխելու քայլերի մասին հարցին Արման Նավասարդյանը պատասխանեց, որ խնդրի մասին բարձրաձայնելն էլ մի քայլ է։

Նրա խոսքով՝ այս որոշումը «հանդիսատեսի դեմ է, հանդիսատեսների իրավունքներն է ոտնահարվում»։

Արման Նավասարյանը շեշտում է՝ գործող իշխանությունները մի կողմից ժողովրդավարությունից են խոսում, մյուս կողմից ժողովրդի կամքին հակառակ փակում դռները մի թատրոնի, որում ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում։

Նրա համոզմամբ՝ Համազգային թատրոնը լուծարելը սպանդի է նմանվում. «Լուծարել մի թատրոն, որն իր գործառույթները կատարում է, որն իր որակով չի զիջում մյուս թատրոններին, որը գտնվում է ստեղծագործական եռուն փուլում, համարում եմ ոտնձգություն հայ հանդիսատեսի ու թատրոնի դեմ։ Սա սպանդի մի ձեւ է, երբ գլխատվում է մի օրգանիզմ, որն առողջ է»։

Արման Նավասարյանը պարզաբանում է պահանջում. խնդրում է նշել, թե Համազգային թատրոնը մյուս թատրոններին ինչով է զիջում։

Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարությունից այս թեմայով իրենց հետ քննարկումներ չեն ունեցել, իսկ լուծարման առաջարկի մասին ինքը տեղեկացել է մամուլից։

Leave A Reply

Your email address will not be published.