Եվրոպայի չեմպիոն Ռաֆայել Հարությունյան․ Հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս եւ հայ ազգին
Շատ էի սպասել այս օրվան: Հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս եւ ամբողջ հայ ազգին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ալբանիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ռաֆայել Հարությունյանը:
Հունիսի 1-ին Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
81 կգ քաշային կարգում բոլորին հետ թողեց Ռաֆայել Հարությունյանը: Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):
Ռաֆայել, շնորհավորում եմ չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ տպավորոթյուններ ունես: Սպասվա՞ծ էր հաղթանակդ:
Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ հաղթանակիս կապակցությամբ: Տպավորություններիս մասին միայն կասեմ, որ այժմ հանգստություն եմ զգում, որովհետեւ ինչպես շատերը, ես նույնպես շատ էի սպասել այս օրվան:
Ինչպե՞ս կմենաբանես ելույթդ. պոկում վարժության առաջին մոտեցումը ձախողեցիր: Ինչպե՞ս ինքդ քեզ տրամադրեցիր երկրորդ, երրորդ մոտեցումներին:
Ձախողմանս պատճառը վստահությունն էր, ինչի պատճառով ավելի քիչ էի տրամադրվել առաջին մոտեցմանը, քան երկրորդին, երրորդին:
Գոհ եմ իմ մրցելույթից, քանի որ հաղթեցի: Պոկում վարժությունում ես բարելավեցի իմ անձնական ռեկորդը: Հրումում ավելին էի արել եւ, կարծում եմ, պատրաստ էի կրկնել մարզումների ընթացքում բարձրացրածս կիլոգրամները, ինչու չէ նաեւ ավելացնել:
Բավական երկար ճանապարհ ես անցել այս արդյունքին հասնելու համար: Կար ժամանակ, երբ քեզ տեսնում էինք 81 կգ քաշայինների պայքարում B խմբում: Ի՞նչը բերեց քեզ այս հաղթանակին:
Կոնկրետ այդ մրցաշարում, որտեղ ես B խմբում էի հանդես եկել, ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ երրորդ տեղին պարտվեցի ընդամենը մեկ կիլոգրամով:
Այս հաղթանակին հասել եմ միայն չհանձնվելով, որի համար շնորհակալ եմ իմ ընկերներին եւ բոլոր մարզիչներին, որոնք իրենց ներդրումն ունեն իմ նվաճման մեջ:
Ո՞րն է լինելու հաջորդ քայլդ, հաջորդ կետը, որին ձգտելու ես հասնել:
Հաջորդն ըստ ժամանակացույցի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, իսկ դրանից հետո մեծահասակների աշխարհի առաջնությունը: Նախնական տվյալներով՝ երկուսին էլ մասնակցելու եմ:
Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:
Առաջինն իմ ընտանիքին, որն ինձ համար լայն հասկացողություն է: Հաղթանակս նվիրում եմ նաեւ ամբողջ հայ ազգին:
Լուսինե Շահբազյան