Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանի ստեղծած աստղային մեղեդու շտեմարանը կներդրվի երաժշտության ստեղծագործության մեջ

0

Երբևէ լսել ե՞ք՝ ինչպես են հնչում աստղերը: Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց դա իրականություն է: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, ձայներ են արձակում, այլ կերպ ասած՝ տիեզերական երաժշտություն, որ կարող է շատերին զարմացնել:

Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանը տիեզերական այդ երաժշտության շտեմարան է ստեղծել, որն առաջին անգամ կներառվի մարդու կողմից ստեղծված երաժշտական ստեղծագործության մեջ: Այն կներկայացվի «Սթարմուս» փառատոնում, որի հիմնադիրը դարձյալ հայ աստղաֆիզիկոսն է:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գարիկ Իսրայելյանը սկսեց ուսումնասիրել աստղերի՝ մթնոլորտում առկա ակուստիկ ալիքները: Աստղաֆիզիկոսի հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնչողություն ունեն բոլոր աստղերը՝ ամեն մեկն իր յուրահատուկ լադով: Այդ ձայներն իրականում թույլ են տալիս պատկերացում կազմել աստղի կազմության, քիմիական բաղադրության, կշռի ու տրամագծի մասին:

Աստղաֆիզիկոսը կարողացել է այդ ձայները մարդու ականջի համար հասանելի դարձնել, այդ բազայի հիման վրա երաժշտություն ստեղծել: Եվ ահա, առաջին անգամ այդ ձայները կներառվեն մարդու կողմից ստեղծվող երաժշտական կոմպոզիցիայում:

Այդ մասին խոսվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած հատուկ քննարկման ժամանակ.

«Առաջին անգամ դոկտոր Գարիկ Իսրայելյանի ստեղծած աստղային մեղեդու շտեմարանը կներդրվի երաժշտության ստեղծագործության մեջ: Դա թեև չլսված ֆենոմեն է, բայց, անկասկած, իրականանալի է: Ես ուրախ եմ, որ այդ մոլորակների և աստղերի ձայնը կներառվի «Ապոլլոն» առաքելությանը նվիրված այս ձոնում»,- ասում է հայտնի երաժիշտ Ժան-Միշել Ժարը:

Այս տարի փառատոնը նվիրված կլինի տիեզերքի ուսումնասիրման ամենամեծ իրադարձություններից մեկին՝ մարդու կողմից Լուսին ոտք դնելու 50-ամյակին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave A Reply

Your email address will not be published.