Կոնյակի եւ գինու հայկական արտադրողները կարող են հարյուր միլիոնավոր դոլարներ կորցնել

0

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ծանր հարված է հասցրել նաեւ Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ ալկոհոլային արտադրանք արտահանողներին։

Երկարատեւ ճգնաժամի դեպքում եւ, հաշվի առնելով կոնյակի եւ գինիների արտադրության ու արտահանման ցուցանիշները, խոսքը կարող է հարյուր միլիոնավոր դոլարի վնասի մասին լինել։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադրության ծավալը 122.7 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 46.7 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 229.7 մլն դոլար (49 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ուկրաինան։ Արտահանման մյուս ուղղություններն են Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Իրաքը, Ղազախստանը, Չինաստանը, Վրաստանը եւ այլն

Խաղողի գինիների արտադրության ծավալը 14.5 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 13.1 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 11.5 մլն դոլար (3 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն ենՌուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Բելգիան, Գերմանիան։ Արտահանման այլ ուղղություններ են Իսրայելը, Իտալիան, Կանադան, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան եւ այլն:

Ավելի վաղ Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կոնյակի և գինու արտահանումը Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան ամբողջությամբ դադարեցվել է:

Նրա խոսքով՝ հայկական կոնյակի արտահանման մեջ այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը` 75-80 տոկոս:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանից արտահանված կոնյակի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, բացի այդ, կոնյակն արտահանվում է նաեւ աշխարհի 40-ից ավել երկրներ։

Ռուսաստանին բաժին է ընկել նաեւ 2020 թվականին արտահանված խաղողի գինու մոտ 70 տոկոսը, բացի այդ, գինին արտահանվում է աշխարհի ավելի քան 30 երկիր։

2021 թվականի արտահանման պաշտոնական տվյալները ըստ երկրների դեռ չեն հրապարակվել։

Պատճառ է դարձել ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներով առաջացած ճգնաժամը, վճարումների հետ կապված խնդիրները, ազգային արժույթների արժեզրկումը, անորոշությունը։

Ստացվում է, որ տարեկան կտրվածքով կոնյակի արտահանման դադարեցումից վնասները կարող են գերազանցել 200 մլն դոլարը, իսկ գինու արտահանման դադարեցումից՝ ավելի քան 9 մլն դոլարը։

Ըստ կանխատեսումների՝ տեւական ճգնաժամի դեպքում (եւս երկու-երեք շաբաթ) կոնյակի եւ գինու հայկական արտադրողների կորուստները կարող են 50 տոկոսի հասնել։ Այդ դեպքում կոնյակ արտադրողների վնասները տարեկան կտրվածքով կարող են գերազանցել 127 մլն դոլարը, իսկ գինեգործներինը՝ 15 մլն դոլարը։

Leave A Reply

Your email address will not be published.