Արտավազդ Փելեշյանի առանձնահատուկ ծննդյան օրը Փարիզում
Փարիզում Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին, տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ «Բնություն» ֆիլմի թանգարանային եւ փառատոնային ցուցադրություններին կավելանան նաեւ կինոթատրոնային դիտումները, հայտնում է «Կինոաշխարհը»։
Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից, որը նաև ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպպերի կողակիցն է։ Ռոնալդ Շամային է պատկանում Փարիզի վեցերորդ թաղամասի, պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող «Christine» կինոթատրոնը, որտեղ էլ ամսի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի պաշտոնական պրեմիերան։
Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։