Կրիշտիանու Ռոնալդուն մնում է Սաուդյան Արաբիայում. ակումբը ցրել է նրա «փախուստի» մասին լուրերը՝ սրվող հակամարտության ֆոնին
Մինչ սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Կրիշտիանու Ռոնալդուն շտապ լքել է Մերձավոր Արևելքը տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, խաղացողն ինքը հանգիստ մարզվում էր թիմի հետ։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը հրապարակել է պորտուգալացի աստղի լուսանկարը Ռիադում կայացած մարզական ճամբարում։ Լուսանկարը հայտնվել է առցանց բուռն քննարկումներից հետո. 41-ամյա հարձակվողի 61 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ մասնավոր ինքնաթիռը երկուշաբթի երեկոյան լքել է երկիրը՝ առաջացնելով ենթադրությունների ալիք։
Այնուամենայնիվ, այժմ հաստատվել է, որ Ռոնալդուն ինքը երբեք չի լքել Սաուդյան Արաբիան։ Նախորդ օրը ակումբը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ հարձակվողը մարզվում էր մարզասրահում։
Չնայած դրան, երկրպագուները շուտով չեն տեսնի Ռոնալդուին խաղադաշտում։ Ակումբը հայտարարել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք, որը նա ստացել էր «Ալ-Ֆեյհիի» դեմ վերջին խաղում։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ խաղացողը սկսել է վերականգնողական ծրագիր, և նրա վիճակը կգնահատվի ամեն օր։
Ռոնալդուն փոխարինվել է 3-1 հաշվով հաղթանակի ժամանակ, և այժմ մտահոգություններ են առաջանում վնասվածքի ծանրության վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով առաջիկա խոշոր միջազգային մրցաշարերը։ Ըստ լրատվամիջոցների՝ նա Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայում օրական վաստակում է մոտ 488,000 ֆունտ ստեռլինգ։
Ասիական Չեմպիոնների լիգայի «Ալ-Նասր»-ի և «Ալ-Վասլ»-ի միջև խաղը հետաձգվել է տարածաշրջանում սրվող հակամարտության պատճառով։
Այս ֆոնին ուշադրություն է գրավել նրա անձնական ինքնաթիռը՝ «Bombardier Global Express»-ը։ Թռիչքների հետևման ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է Սաուդյան Արաբիայի ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին և վայրէջք կատարել Իսպանիայի մայրաքաղաքում՝ գրեթե յոթ ժամ անց, անցնելով Եգիպտոսով և Միջերկրական ծովով։
Հենց այս թռիչքն էր, որ լուրեր տարածեց աստղի հնարավոր մեկնման մասին։