Իլոն Մասկի ռոբոտաքսիների նոր նախագիծը կտրուկ թանկացրել է Tesla-ի բաժնետոմսերը. Ներդրողի բրիֆ | 23.12.2025

0

Ուոլ Սթրիթը շաբաթն ավարտել է խառը արդյունքներով։ S&P 500-ը շաբաթը փակել է 0.11% աճով, Nasdaq-ը՝ 0.48% աճով, իսկ Dow Jones-ը նվազել է 0.67%-ով, ինչի պատճառը սպառողական հատվածի թույլ ցուցանիշներն էին։ Շաբաթվա հիմնական շարժիչ ուժը տեխնոլոգիական բաժնետոմսերի աճի նոր ալիքն էր, ինչի արդյունքում Nasdaq-ը գերազանցել է մյուս ինդեքսներին։


Տեխնոլոգիական բաժնետոմսերի աճը գլխավորել է Micron–ը, որի արդյունքների լավատեսական կանխատեսումը վերականգնել է ներդրողների վստահությունը արհեստական բանականության բաժնետոմսերի նկատմամբ։  Micron Technology-ի բաժնետոմսերն աճել են մոտ 16%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է սպասվածից զգալիորեն բարձր շահույթի կանխատեսում։ Աճը պայմանավորված է հիշողության չիպերի համաշխարհային բարձր պահանջարկով։


Եվրոպական շուկաները ուրբաթ օրը փակվել են ռեկորդային բարձր ցուցանիշներով STOXX 600 ինդեքսը մեկ օրում աճել է 0.4%-ով, իսկ շաբաթն ավարտել 1.7% աճով, այսպիսով մոտենալով իր լավագույն տարեկան արդյունքին 2021 թվականից ի վեր։ Աճը գլխավորել են պաշտպանական և ավիատիեզերական ընկերությունների բաժնետոմսերը, որոնք այս տարվա ընթացքում աճել են գրեթե 60%-ով։ Ներդրողները շարունակում են նախապատվություն տալ այդ ոլորտին՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

Մեկ շաբաթվա ընթացքում ոսկին թանկացել է 1.1%–ով, իսկ արծաթը՝ միանգամից 8.4%–ով։ Պատճառը ներդրողների լավատեսությունն է, որ մեղմացող գնաճի և աճող գործազրկության ֆոնին Դաշնային պահուստային համակարգը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


ԱՄՆ հիմնական ֆոնդային բորսաները, այդ թվում Nasdaq-ը, NYSE-ն, Cboe-ն և Investors’ Exchange (IEX)-ը, հայտարարել են, որ դեկտեմբերի 24-ին և 26-ին աշխատելու են սովորական գրաֆիկով, չնայած Թրամփի հրամանին, որ պետական գրասենյակները պետք է փակ լինեն այդ օրերին։ Բորսաները հայտնել են, որ գործելու են ըստ պլանի՝ ապահովելով շուկայի ակտիվությունը նաեւ տոնական օրերի ընթացքում: Այս բորսաները փակ կլինեն միայն դեկտեմբերի 25–ին։


Tesla-ի բաժնետոմսերն անցած շաբաթ մեկ օրում աճել են մոտ 5%-ով՝ հասնելով $481.37–ի, ինչը վերջին գրեթե մեկ տարվա առավելագույն մակարդակն է։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հաստատել է, որ ընկերությունն այժմ իրականացնում է ռոբոտաքսիների փորձարկումներ առանց առջևի ուղևորի նստատեղում անվտանգության վերահսկիչների։ Tesla-ի գնահատված արժեքը $1.53 տրիլիոն է, ինչն ամենամեծն է ավտոմոբիլային ոլորտում։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է էլեկտրական փիկափների և ամենագնացների արտադրությամբ զբաղվող Rivian Automotive, Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 21.88%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $22.45)։ Հաջորդը զբոսաշրջային և կրուիզային ծառայություններ մատուցող Carnival Corporation & plc–ն է՝ 21.27% աճով ($30.96)։ Եռյակը եզրափակում է տվյալների պահպանման լուծումների և հիշողության կրելի սարքերի արտադրությամբ զբաղվող Sandisk Corporation–ը՝ 15.24% աճով ($237.61)։


Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է բնակարանաշինությամբ և անշարժ գույքի զարգացման ծրագրերով զբաղվող Lennar Corporation–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 13.15%–ով ($98.25)։ Հաջորդը սպորտային հագուստի և կոշիկների արտադրությամբ զբաղվող NIKE, Inc.–ն է՝ 12.98% անկումով ($58.71)։ Եռյակը եզրափակում է կիսահաղորդչային ճարտարապետությունների և պրոցեսորային լուծումների մշակմամբ զբաղվող Arm Holdings–ը՝ 12.88% անկումով ($114.03)։


ԱՄՆ-ում սպառողական գները նոյեմբերին տարեկան կտրվածքով 2.7% աճ են գրանցել։ Սա ավելի քիչ է կանխատեսված 3.1% աճից։ Այդուհանդերձ, վերլուծաբանները նշում են, որ այս տվյալները հնարավոր է՝ չեն արտացոլում լիարժեք պատկերը, քանի որ ԱՄՆ կառավարության 43-օրյա «shutdown»-ի ընթացքում տվյալների հավաքման գործընթացը կասեցված է եղել։


ԵԿԲ-ն անցած հինգշաբթի որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և բարձրացրել եվրագոտու տնտեսական աճի և գնաճի կանխատեսումները, ինչը ցույց է տալիս, որ մոտակա ժամանակում նոր նվազեցումները քիչ հավանական են։ Եվրագոտու տնտեսական աճը գերազանցել է սպասելիքները, ինչին նպաստել են արտահանողներն ու ներքին  ծախսերի աճը, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 2% թիրախային մակարդակին մոտ։


2025 թվականի վերջին նիստում Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տարեկան 16,5%-ից հասցնելով 16%–ի։ Սա հերթական՝ հինգերորդ նվազեցումն  է հունիսից ի վեր։ Որոշման գլխավոր պատճառը գնաճի դանդաղումն է։ Բանկի գնահատմամբ՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ տարեկան գնաճը Ռուսաստանում կազմել է 5,8%, իսկ տարվա վերջում սպասվում է 6%–ից ցածր։


2025 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հուլիսի 13–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 7.6 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96.15 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.14 տոկոս:

Leave A Reply

Your email address will not be published.