Կիվին ընդդեմ կնճիռների. ինչպես է միրգը մեծացնում C վիտամինի մակարդակը մաշկի մեջ և ամրացնում դրա կառուցվածքը
Գիտնականներն առաջին անգամ չափել են, թե ինչպես է սննդային C վիտամինն անմիջականորեն ազդում ասկորբինաթթվի մակարդակի վրա մարդու մաշկի մեջ, և պարզել են, որ C վիտամինով հարուստ կիվիի կանոնավոր օգտագործումը իսկապես բարձրացնում է այդ մակարդակը և ազդում մաշկի կառուցվածքի վրա: Արդյունքները հրապարակվել են Journal of Investigative Dermatology բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել են առողջ չափահասաներ: Գիտնականները համեմատել են արյան մեջ C վիտամինի կոնցենտրացիաները և դրա պարունակությունը մաշկի շերտերում՝ դերմիսում և էպիդերմիսում: Պարզվել է, որ բուժման կուրսից հետո, որի ընթացքում կամավորներն ամեն օր ուտում էին SunGold կիվի (մոտավորապես օրական 250 մգ C վիտամին), մաշկի մեջ ասկորբատի մակարդակը բարձրացել է և մոտեցել արյան պլազմայի մակարդակին:
Ընդ որում, մաշկի բջիջները, ներառյալ կոլագենի համար պատասխանատու շարակցական հյուսվածքի բջիջները, զգալիորեն ավելի բարձր C վիտամինի պաշարներ ունեին, քան մաշկի արտաքին շերտի բջիջները: Դա կարևոր է. C վիտամինը կոլագենի սինթեզի առանցքային կոֆակտոր է (այսպես կոչված՝ «օգնական մոլեկուլ». կենսաքիմիական փոխակերպումներին մասնակցող փոքր, ոչ սպիտակուցային ֆերմենտ -խմբ.), որը պատասխանատու է մաշկի խտության, առաձգականության և ամրության համար:
Կիվիի ութ շաբաթ տևողությամբ օգտագործումից հետո մասնակիցները նկատել են մաշկի խտության նկատելի աճ և էպիդերմալ բջիջների արագացված շրջանառություն, ինչը նշանակում է, որ մաշկի կառուցվածքը դարձել է ավելի խիտ, իսկ վերականգնման գործընթացը՝ ավելի ակտիվ։
Ընդ որում, որոշ պարամետրեր, մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ դիմադրությունը և նոր կոլագենի բիոմարկերների քանակը, էականորեն չեն փոխվել, իսկ մաշկի առաձգականությունը փոքր-ինչ նվազել է։
Հեղինակները ընդգծում են. կարևոր է մաշկը «չլղոզել» քսուքներով, այլ սննդակարգի միջոցով համակարգված կերպով պահպանել C վիտամինի բավարար մակարդակը։ Քանի որ օրգանզիմը երկար ժամանակ չի կարող կուտակել C վիտամին, օգտակար է կանոնավոր սննդակարգը՝ այդ նյութով հարուստ սննդամթերքներով, մասնավորապես՝ կիվին, ցիտրուսային մրգերը, հատապտուղները, պղպեղը և բրոկկոլին։
Հետազոտության եզրակացությունը. հավասարակշռված սննդակարգի դեպքում C վիտամինն արդյունավետորեն կուտակվում է մաշկի մեջ՝ բարելավելով դրա խտությունը և արագացնելով վերականգնումը. դա իրական օգուտներ է տալիս ոչ միայն արտաքին տեսքի, այլև մաշկի առողջության համար։