Ռուդիկ Մկրտչյան․ Մեդալային ակնկալիքներով ենք մեկնում աշխարհի առաջնության
Հուսանք այս տարի մեզ կհաջողվի աշխարհի առաջնության բաղձալի ոսկե մեդալը նվաճել: Թիմը պատրաստ է, լավ մարզումային փուլեր ենք անցել: Բոլորին հնարավորություն է տրվել փորձել ուժերը: Մեդալային ակնկալիքներով ենք մեկնում Դուբայ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:
Դեկտեմբեր 2-13-ը Դուբայում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած թիմը կմասնակցի ամբողջական կազմով․
Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ժիրայր Սարգսյան (57 կգ), Արթուր Բազեյան( 60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արմեն Մաշակարյան (67 կգ), Արարատ Հարությունյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Արտուշ Հովհաննիսյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (+92 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 1-ին:
Պարոն Մկրտչյան, Հայաստանի հավաքականն առաջին անգամ է Ձեր գլխավորությամբ մասնակցելու աշխարհի առաջնության: Ի՞նչ մարզավիճակում են բռնցքամարտիկները, ի՞նչ մարզումային փուլ եք անցել եւ ի՞նչ սպասելիքներով եք մեկնում:
Աշխարհի առաջնությունից ակնկալիքներ ունենք: Տղաները լավ են պատրաստվել: Ռինգը ցույց կտա, թե ինչ աշխատանք ենք կատարել: 7 ուսումնամարզական հավաք ենք անցել: Տարվա սկբից պատրաստվում ենք այս առաջնությանը: Տարբեր փուլեր ենք ունեցել, միջազգային մրցաշարերի համար ենք հավաքներ ունեցել: Թիմը նաեւ աշխատել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում, օգնել Երեւանում անցկացված առաջնության մասնակից բռնցքամարտիկներին։ Դրանից հետո կենտրոնացանք աշխարհի առաջնության նախապատրաստական հիմնական փուլի վրա:
Ինչպե՞ս է ընտրվել կազմը, ովքե՞ր են հնարավորություն ստացել փորձել ուժերը Դուբայի ռինգում:
Աշխարհի առաջնության կազմն ընտրել ենք մրցաշարերի արդյունքներով: Ով այժմ պատրաստ է, մասնակցում է աշխարհի առաջնությանը: Այս տարի բոլորին ենք հնարավորություն տվել մասնակցել, բայց հաջորդ տարի արդեն այդպես չի լինելու: Քանի որ առաջնությունը տարեվերջում էր, որոշեցինք բոլորին հնարավորություն տալ, որովհետեւ տղաները միջազգային մրցաշարերից բացի խոշոր մրցաշարի չէին մասնակցել:
Մարզումները բաց են թողնում: Չեն դիմանում այդ ծանրաբեռնվածությանը, սովոր չեն, հոգնածություն եւ շատ այլ բաներ խանգարում են մարզումները լիարժեք անցկացնելու համար: Եթե մարզիկին մի բան խանգարում է մարզումներին լիարժեք մասնակցել, ուրեմն խոշոր մրցաշարերում ռինգում կխանգարի մեդալ նվաճել:
Ո՞ր քաշային կարգերում խնդիրներ ունենք, որոնք զուտ փորձ են լինելու բռնցքամարտիկների համար:
Քաշային կարգեր ունենք, որոնց ներկայացուցիչներն առաջին անգամ են փորձելու ուժերը մեծահասակների աշխարհի առաջնությանը : Տղաներ ունենք, որոնք բազմափորձ են: Բնական է, որ մեր ակնկալիքները մեծ են փորձառուներից: Տիտղոսակիր տղաներից սպասելիքներ ունենք, բայց նորեկներից եւս սպասում ենք մեդալներ, որովհետեւ նրանք իրենց տեղը գտել են հավաքականի կազմում: Հույս ունենք, որ նորեկներն էլ մեր երկրի համար մեդալներ կնվաճեն: Վստահ մեդալային սպասելիքներ ունենք:
Աշխարհի առաջնություններում մեդալային մենամարտերին, մասնավորապես, եզրափակիչ դուրս գալու եւ ոսկե մեդալ նվաճելու համար հայ բռնցքամարտիկներին միշտ ինչ-որ բան պակասում է: Ի՞նչն է պատճառը, որ հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնություններում 1993 թ.-ից հետո ոսկե մեդալ չեն նվաճում:
Իմ սաները 4-5 անգամ հայտնվել են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ-եզրափակիչներում: Երբ դուրս ես գալիս կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ, այնտեղ արդեն խոշոր երկրների, հզոր երկիր լինելու գործոնն ավելի շատ է եւ որոշիչ: Թույլ բռնցքամարտիկները չեն կարող հասնել մեդալային մենամարտերի: Նախավերջին եւ վերջին մենամարտերում, սովորաբար, հավասար բռնցքամարտիկներ են պայքարում: Այստեղ բախտի գործոն էլ կա: Եթե բռնցքամարտիկը հասնում է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, ապա եզրափակիչ, ուրեմն արժանի է հաղթող դառնալ: Հուսանք այս տարի մեզ կհաջողվի բաղձալի ոսկե մեդալը նվաճել:
Իսկապես մեզ միշտ ինչ-որ բան չի բավականացնում: Հետեւություններ ենք արել: Ոսկե մեդալին չհասնելու պատճառներից մեկն էլ նաեւ վերեւում նշածս է, որ բռնցքամարտիկներ կան, որոնք չեն կարողանում տանել մարզումային ծանրաբեռնվածությունը: Մենք միջազգային մրցաշարերին բոլորին տալիս ենք հնարավորություն, փորձում ենք, բայց Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները փորձելու տեղ չեն, այլ մեդալ նվաճելու եւ երկրի դրոշը բարձրացնելու տեղ են: Մարզչական կազմով որոշել ենք, որ եթե մյուս խոշոր մրցաշարերում մարզիկը պատրաստ չեղավ հավաքների ծանրաբեռնվածությունը լիարժեք տանել, չի մասնակցի:
Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Դուբայում, որտեղ այս օրերին մարզվում է նաեւ Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ինչո՞ւ նա չի մասնակցում:
Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականից հեռանալու մասին հայտարարություն չի արել, ուղղակի այս տարի առաջնությանը չի մասնակցում:
Ինչպես սկզբում ասացի, սա Ձեր առաջին փորձն է աշխարհի առաջնությունում որպես գլխավոր մարզիչ: Պատասխանատվություն, լարվածություն կա՞:
Ես հավաքականի հետ շատ աշխարհի առաջնութունների եմ մասնակցել, բայց, իսկապես, որպես գլխավոր մարզիչ առաջին փորձս է լինելու: Մարզիչների վրա պատասխանատվությունը միշտ բարձր է եղել: Այս անգամ ես եմ, իմ դեպքում է մեծ: Ինձ թվում է՝ մենք շատ լավ մարզումներ ենք ունեցել, պատրաստ ենք պայքարին, թերությունները շտկել ենք, մնացածը ռինգը ցույց կտա: Լարվածություն չունեմ, որովհետեւ մասնակցությանս փորձը թիմի հետ շատ է:
Լուսինե Շահբազյան