Ճարպակալման և շաքարախտի պատճառը կարող է լինել բջջային ծերացումը. Journal of Internal Medicine
Մայո կլինիկայի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ բջջային ծերացման գործընթացները կարող են վճռորոշ դեր խաղալ ճարպակալման, 2-րդ տիպի շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի զարգացման գործում։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Internal Medicine (JIM) բժշկագիտական հանդեսում։
Մկների և մարդու հյուսվածքների նմուշների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ տարիքի հետ ծերացող բջիջներն աստիճանաբար կուտակվում են մարմնում. դրանք դադարում են բաժանվել, բայց չեն մահանում։ Այս բջիջները շարունակում են արտազատել նյութեր, որոնք առաջացնում են քրոնիկ բորբոքում և խաթարում նյութափոխանակությունը։ Սա հանգեցնում է լյարդի, ճարպային և մկանային հյուսվածքի խանգարումների, ինսուլինի նկատմամբ զգայունության նվազման և մետաբոլիկ խանգարումների ռիսկի աճի։
Հետազոտողները նշում են, որ բջջային ծերացումը ոչ միայն արագացնում է շաքարախտի և ճարպակալման զարգացումը, այլև նպաստում է օրգանների ֆունկցիայի ընդհանուր վատթարացմանը՝ արագացնելով կենսաբանական ծերացումը։ Հետևաբար, այս մեխանիզմի թիրախավորումը տարիքային խանգարումների կանխարգելման և բուժման խոստումնալից ուղի է համարվում։
Այս խնդիրը լուծելու համար գիտնականների առաջարկած մոտեցումներից մեկը սենոթերապիան է։ Սենոթերապևտիկ դեղամիջոցները կա՛մ ոչնչացնում են ծերացող բջիջները, կա՛մ արգելափակում դրանց վնասակար ազդեցությունը։ Դրանք կարող են նաև խթանել մարմնի բնական մաքրման մեխանիզմները, օրինակ՝ ակտիվացնելով ֆագոցիտները: Այս բջիջները հեռացնում են օրգանիզմի մեռած և քայքայված կառուցվածքները։
Մասնագետների կարծիքով՝ այս ռազմավարությունը կարող է հիմք լինել նյութափոխանակության խանգարումների բուժման ապագա մեթոդների և կանխարգելման համար: Երկարաժամկետ հեռանկարում սենոթերապիան կարող է ոչ միայն բարելավել նյութափոխանակությունը, այլև երկարացնել կյանքի տևողությունը՝ նվազեցնելով տարիքային հիվանդությունների ռիսկը: