Միջերկրածովյան դիետան նվազեցնում է լնդերի բորբոքման ռիսկը․ JPeriodontology

0

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգի սկզբունքներին հետևելը օգնում է նվազեցնել լնդերի բորբոքման ռիսկը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Periodontology (J Periodontology) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 200 մարդ։ Ատամնաբույժները գնահատել են հետազոտվողների բերանի խոռոչի վիճակը, նրանցից վերցրել արյան նմուշներ և հավաքել սննդի մասին տվյալներ՝ հարցաթերթիկների միջոցով։ Վերլուծությունը ցույց է տվել. նրանց մոտ, ովքեր պարբերաբար բանջարեղեն, մրգեր, հատիկաընդեղեն և ձիթապտղի ձեթ էին ուտում, պարոդոնտիտն ավելի հազվադեպ էր զարգանում և նկատվում էին բորբոքային մարկերների՝ ինտերլեյկին-6-ի և C-ռեակտիվ սպիտակուցի ավելի ցածր մակարդակներ։ Իսկ կարմիր միս նախընտրող մարդկանց մոտ լնդերի հիվանդությունները ավելի հաճախ էին հանդիպում և ավելի ծանր էին ընթանում։

Գիտնականները նշել են, որ պարոդոնտիտի դեպքում տեղի է ունենում մերձատամնային հյուսվածքների, այդ թվում՝ ոսկրային հյուսվածքի ատրոֆիա։ Առանց բուժման հիվանդությունը կարող է հանգեցնել ատամների թուլացման և դրանց կորստի։

Հեղինակները շեշտում են, որ սննդակարգում բուսական մթերքների և օգտակար ճարպերի ներառումը ոչ միայն ամրացնում է լնդերի առողջությունը, այլև նվազեցնում է օրգանիզմում ընդհանուր բորբոքումը։ Այդ պատճառով միջերկրածովյան սննդակարգը հայտնի է նաև որպես սրտանոթային և նյարդադեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման գործոն։

Գիտնականները նշում են, որ ստացված արդյունքները նոր հեռանկարներ են բացում պարոդոնտիտի կանխարգելման և բուժման գործում, սակայն հստակեցում են պահանջում ավելի լայնածավալ ուսումնասիրություններում։

Leave A Reply

Your email address will not be published.