Ֆրանսիացի կինոաստղը դարձել է «կեղծ իռլանդացի լորդի» զոհ`կորցնելով մոտ 7 միլիոն եվրո
Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Դանի Բուանը, դարձել է զանգվածային խարդախության զոհ. նա ասում է, որ կորցրել է գրեթե 7 միլիոն եվրո՝ վստահելով մի տղամարդու, որը ներկայացել է որպես իռլանդացի արիստոկրատ։
Ըստ Daily Mail-ի, սեպտեմբերին Ֆրանսիայում կայանալիք դատական գործընթացում Բուանը մեղադրում է Թիերի Ֆիալեկ-Բիրլեսին շքեղ զբոսանավերի, օֆշորային սխեմաների և նույնիսկ Մոնակոյի արքայական ընտանիքի հետ գոյություն չունեցող կապերի հետ կապված խարդախության մեջ։
Ըստ դերասանի՝ 2021 թվականին Բիրլեսը իրեն ներկայացել է որպես «հին տոհմածառի իռլանդացի լորդ», Օքսֆորդի շրջանավարտ, ծովային իրավաբան և նավապետ։ Նրա վստահությունը, վարվելակերպը և Royal Cork Yacht Club-ի ենթադրյալ անդամակցությունը համոզել են Բուանին վարձել իրեն՝ վերջերս գնված 3.5 միլիոն եվրոյի զբոսանավի վերանորոգման աշխատանքները կառավարելու համար։ Նա 2.2 միլիոն եվրո է փոխանցել Դուբլինում գրանցված South Seas Merchants Mariners Ltd. ընկերությանը, որը, ըստ Բիրլեսի, իր ընտանիքը տիրապետում էր ավելի քան մեկ դար։
Մի քանի ամիս անց «տերը» առաջարկեց ևս մեկ «շահավետ» ներդրում՝ 4.5 միլիոն եվրո ներդնել «Իռլանդիայի կենտրոնական բանկի ֆոնդում»՝ առանց տոկոսների և տարեկան 3.25% եկամտաբերությամբ։ Հետագայում պարզվեց, որ և՛ ֆոնդը, և՛ սխեման ֆիկտիվ էին։
Բուանի կասկածները հարուցեց անանուն տեղեկությունը. նախկին զոհ ներկայացող մեկը զգուշացրել էր խաբեբայի մասին։ Երբ դերասանը պահանջել էր իր գումարը վերադարձնել, Բիրլեսն ասել էր, որ իր ընկերությունը վաճառվել է մի իտալական ընտանիքի, և որ պահանջները պետք է այժմ ուղղված լինեն նրանց։
Այնուհետև «տերը» անհետացել է։ Բուհանը վարձել է մասնավոր դետեկտիվների, որոնք պարզել են, որ Բիրլեսն օգտագործում է առնվազն երկու անձնագիր, բազմաթիվ ինքնություններ (ներառյալ Վեստ Ինդիայի զբոսանավային ակումբի կոմոդոր սըր Թիերի Ուոթերֆորդ-Մանդևիլը) և ունի հասցեներ Փարիզից մինչև Սենթ Քիթս և Գվադելուպա։
Նրա ակտիվները, այդ թվում՝ մեկ զբոսանավ և մոտորանավակ, սառեցվել են Դուբլինի Բարձրագույն դատարանի կողմից, իսկ մեկ այլ զբոսանավ առգրավվել է Ջենովայում։ 2025 թվականի փետրվարին Բիրլեսը ձերբակալվել է Պանամայում Ինտերպոլի կողմից տրված ձերբակալման օրդերով և վեց ամիս անց արտահանձնվել է Ֆրանսիա, որտեղ նա ներկայումս կալանքի տակ է։