Գիտնականներն աուտիզմի բուժման նոր դեղամիջոց են ստեղծել

0

Սթենֆորդի բժշկական համալսարանի հետազոտողները բեկումնային հայտնագործություն են կատարել աուտիզմի բուժման մեջ։ Ինչպես գրում է DailyMail-ը, նրանք հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը մեկ դեղաչափով հակադարձում է աուտիզմի ախտանիշները։

Նոր հետազոտության համաձայն՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող մկների վրա ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ թալամուսի ցանցանման կորիզի գերակտիվությունը, որը պատասխանատու է զգայական տեղեկատվության մշակման համար, կապված է աուտիկ վարքի հետ։

Ուսումնասիրության շրջանակում մկներին ներարկել են Z944 դեղամիջոցը, որը նաև հայտնի է որպես ulixacaltamide։ Այս դեղամիջոցն օգտագործվում է որպես էպիլեպսիայի հնարավոր բուժման միջոց, որի ժամանակ նկատվում է ցնցումային համախտանիշ։ Արդյունքները տպավորիչ են եղել. դեղամիջոցի ներարկումը ճնշել է ուղեղի այդ հատվածի ակտիվությունը՝ դրանով իսկ վերացնելով աուտիզմի ախտանիշները։

Հոդվածում նշվում է, որ «գիտնականները պարզել են, որ մկներին դեղամիջոցի մեկ ներարկումը վերացնում է աուտիզմի հետ կապված ախտանիշները, ներառյալ՝ լույսի և ձայնի նկատմամբ բարձր զգայունությունը, ինքնախթանումը, կրկնվող վարքագիծը, սոցիալական խնդիրները և ցնցումների բարձր ռիսկը»։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ էպիլեպսիան և աուտիզմը վերահսկող ուղեղի գործընթացները կարող են միատեղվել, ինչը բացատրում է, թե ինչու են աուտիզմով մարդիկ ավելի հաճախ տառապում ցնցումներով։

Ենթադրվում է, որ աուտիզմով մարդիկ 30 անգամ ավելի հավանական է, որ կտառապեն էպիլեպսիայով, քան ընդհանուր բնակչությունը։ Ժամանակի ընթացքում դա կարող է վատթարացնել ճանաչողական գործառույթները և հանգեցնել խոսքի ու սոցիալական հմտությունների հետընթացի։

Հետազոտողները նշել են, որ Z944-ը կարող է օգտագործվել ինչպես աուտիզմի, այնպես էլ էպիլեպսիայի բուժման համար։ Սակայն դեղամիջոցը դեռևս հասանելի չէ լայն կիրառման համար և դեռևս անցնում է կլինիկական փորձարկումներ։ Բացի այդ, պարզ չէ, թե ինչպիսին կլինեն դրա ազդեցությունները մարդու վրա։

Leave A Reply

Your email address will not be published.