Էմմա Թոմփսոնը պատմել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփն իրեն ժամադրության հրավիրել իր ամուսնալուծության օրը

0

Օսկարակիր դերասանուհի Էմմա Թոմփսոնը խոստովանել է, որ մի անգամ շատ անսպասելի առաջարկ է ստացել՝ հենց Դոնալդ Թրամփից։ Եվ դա տեղի է ունեցել այն օրը, երբ նա պաշտոնապես բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ դերասան և ռեժիսոր Քենեթ Բրանայից։

Լոկարնոյի կինոփառատոնում 66-ամյա դերասանուհին հիշել է, որ այդ պահին ինքը «Հիմնական գույներ» ֆիլմի նկարահանման հրապարակում էր՝ թրեյլերի մեջ։ «Ես վերցրի հեռախոսը և լսեցի. «Բարև, սա Դոնալդ Թրամփն է»։ Կարծեցի, թե կատակ է, և ասացի. «Ինչո՞վ կարող եմ օգնել Ձեզ»,-կատակել է դերասանուհին։

Բայց դա ամենևին կատակ չէր։ «Նա ասաց. «Ես կցանկանայի, որ Դուք այցելեիք իմ գեղեցիկ վայրերից մեկը։ Գուցե կարողանայի՞նք ընթրել»,-պատմում է Թոմփսոնը։ Նա քաղաքավարիորեն հրաժարվել է՝ ավելացնելով. «Դա շատ բարի քայլ է։ Շատ շնորհակալ եմ։ Ես Ձեզ կզանգահարեմ»։

Այդ ժամանակ Թրամփը նույնպես միայնակ էր. նա նոր էր բաժանվել իր երկրորդ կնոջից՝ Մարլա Մեյփլսից, որի հետ նա ունի դուստր՝ Թիֆանիին։

Էմման և Քենեթը ամուսնացել են 1989 թվականին, սակայն նրանց ամուսնությունը քանդվել է վեց տարի անց։ Սկզբում պատճառը աշխատանքային խիտ գրաֆիկն էր, սակայն ավելի ուշ պարզվեց, որ «Ֆրանկենշտեյն»-ի նկարահանումների ժամանակ Բրանան սիրավեպ է ունեցել Հելենա Բոնեմ Քարթերի հետ։

2022 թվականին Թոմփսոնը խոստովանեց, որ չի նկատել դավաճանությունը։ «Ես լիովին կույր էի այն փաստի նկատմամբ, որ նա նկարահանման հրապարակում հանդիպում էր այլ կանանց հետ»։ Նրա խոսքով՝ ամուսնալուծության պահին նա իրեն «կիսով չափ կենդանի» էր զգում։

Այժմ դերասանուհին երջանիկ է դերասան Գրեգ Ուայզի հետ, որի հետ նա մեծացնում է երկու երեխա՝ դուստր Գայային և որդեգրված որդուն՝ Թինդիին։

Leave A Reply

Your email address will not be published.