Օմեգա-3 ճարպաթթուները կարող են նվազեցնել ագրեսիան․ AVB
Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են ագրեսիան, այդ թվում՝ զայրույթի պոռթկումները և սուր սթրեսային ռեակցիաները։ Այս մասին ցույց է տվել «Ագրեսիա և բռնի վարքագիծ» (AVB) ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը։
«Օմեգա-3»-ը (մասնավորապես՝ ԷՊԹ և ԴՀԹ) անփոխարինելի պոլիչհագեցած ճարպաթթուներ են, որոնք պարունակվում են ընկույզի, ձիթապտղի յուղի և ճարպոտ ձկների՝ օրինակ՝ սաղմոնի, սկումբրիայի և ծովատառեխի մեջ։ Գիտնականները վաղուց են դրանց օգտագործումը կապում սրտի, ուղեղի և իմունային համակարգի ամրապնդման հետ։ Նոր հետազոտությունը հաստատում է, որ այս նյութերի ազդեցությունը տարածվում է նաև մարդու վարքի վրա։
Գիտնականները նման եզրահանգման են եկել նախկինում հրապարակված 29 հետազոտությունների տվյալների վերլուծության արդյունքում։ Դրանք ներառել են գրեթե չորս հազար մասնակիցների՝ դպրոցականներից մինչև մեծահասակներ կլինիկական և դատաբժշկական հաստատություններում։ Արդյունքները ցույց են տվել, որ «Օմեգա-3»-ը կարող է ճնշել ագրեսիվ վարքը՝ անկախ տարիքից, սեռից, ախտորոշումից, դեղաչափից կամ ընդունման տևողությունից։
Հետազոտողները նշում են, որ «Օմեգա-3»-ը արդյունավետորեն նվազեցնում է ինչպես ռեակտիվ (էմոցիոնալ), այնպես էլ պրոակտիվ (պլանավորված, նպատակաուղղված) ագրեսիան։ Գիտնականների խոսքով՝ ԷՊԹ-ն և ԴՀԹ-ն պոտենցիալ արժեքավոր միջոց են դյուրագրգռության, բռնկունության կամ բռնության հակված մարդկանց հետ աշխատելու համար։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ագրեսիվ վարքի խնդիրը հատկապես արդիական է դպրոցներում, կլինիկաներում և ուղղիչ հիմնարկներում։ «Օմեգա-3»-ի օգտագործումը՝ սննդի կամ հավաստագրված դեղամիջոցների միջոցով, կարող է խորհուրդ տրվել այն մարդկանց, ովքեր տառապում են քրոնիկ սթրեսից կամ դժվարություններ ունեն իրենց զգացմունքները վերահսկելու հարցում։